06/03/2019 17:57
Ամեն ինչ արվում է Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանին ՀՀ վերադարձնելու համար. Արտակ Զեյնալյան
Հայաստանի Հանրապետությունն օգտագործում է բոլոր քաղաքական և հումանիտար գործիքները՝ Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանին ՀՀ վերադարձնելու համար, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Կարեն Ղազարյանի իրավապաշտպանները Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ են ներկայացրել, նաև պահանջել են հրատապ միջոց կիրառել ու հիմա այդ գանգատը քննվում է: Հայաստանի Հանրապետությանը կծանուցվի ու ՀՀ-ն կներգրավվի որպես երրորդ կողմ: ՀՀ կառավարությունն օգտագործում է դիվանագիտական և հումանիտար բոլոր գործիքները որպեսզի Կարեն Ղազարյանի կյանքն ապահովվի ու երաշխավորվի: Ամեն ինչ արվում է նրան Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու համար», - ասաց Զեյնալյանը:
Նախարարն ընդգծեց, որ ՀՀ-ն մերժել է փոխանակման առաջարկը, քանի որ ՀՀ-ում նույն կարգավիճակով գտնվող Ադրբեջանի քաղաքացիներ չկան:
Զեյնալյանն ընդգծեց նաև, որ Կարեն Ղազարյանն ապօրինությամբ է գտնվում անազատության մեջ: