06/03/2019 18:49
12 մլն հատ ավելի ՀԴՄ է տպվել, արձանագրված առևտրի շրջանառությունը 35 մլրդ դրամով ավելացել է. Նիկոլ Փաշինյան
Հաշվիչ դրամարկղային կտրոնների (ՀԴՄ) հետ կապված հայտարարություններին հանրության արձագանքն աննախադեպ է եղել. 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12.5 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել, այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս հայտարարությունը վարչապետն արեց պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին, թե կառավարության ծրագրի քննարկումից որոշ ժամանակ է անցել, ի՞նչ դինամիկա կա տնտեսության մեջ, նկատվո՞ւմ են փոփոխություններ։
«Հունվար-փետրվար ամիսներին արձանագրված առևտրի շրջանառությունը 35 մլրդ դրամով ավելացել է։ Սրա արդյունքում մենք ավելի վստահ ենք նայում 2019-ի պետական եկամուտների հավաքագրման պրոցեսին։ Այս պրոցեսը շարունակվելու է», - հայտարարեց վարչապետը։
Այս համատեքստում վարչապետը կարևորեց քաղաքական ուղերձը, որի արդյունքում կառավարություն-քաղաքացի-գործարար համայնք կապ է ստեղծվել։ Հանրությունը, նրա խոսքով, շարունակում է իր գործողություններով վստահություն արտահայտել կառավարության ու Ազգային ժողովի նկատմամբ։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հանրությանը դարակազմիկ աջակցության համար», - հավելեց վարչապետը։