08/03/2019 14:38
Սիրիայում ականի պայթյունից վնասվածք ստացած հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է
Երեկ Սիրիայում ականի պայթյունից վնասվածք ստացած հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը՝ նշելով, որ այս պահին բժիշկները վերջինիս առողջական վիճակը բավարար են գնահատում:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ առաջիկայում վիրավոր սակրավորը տեղափոխվելու է Հայաստան։ Կոնկրետ ժամկետներ, սակայն, առայժմ հայտնի չեն։
Նազելի Էլբակյանը հիշեցրեց, որ հայ սակրավորը հումանիտար առաքելությամբ Սիրիա մեկնել էր փետրվարի 8-ին՝ 83 հոգուց բաղկացած խմբի հետ։
Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ ունեցած զրույցում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնի պետ Գրիգոր Բասենցյանը նշել էր՝ հայ սակրավորը սկսնակ չէ, նա փորձառու մասնագետ է։