09/03/2019 13:10
Պոլսո Պատրիարքի 6-7 թեկնածու կա, ընտրության ժամկետները դեռ հստակեցված չեն. Արա Գոչունյան
Պոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Ս. Արք. Մութաֆյանի մահվանից 40 օր անց կսկսվի նոր պատրիարքի ընտրությունների նախապատրաստական փուլը։ Այս պահին տեսականորեն Պատրիարքի աթոռին հավակնող 6-7 թեկնածու կա, սակայն ամեն բան ավելի պարզ կլինի 40-օրյա սգի ավարտից հետո, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը՝ հավելելով, որ ընտրությունների և գահակալության օրը, թեկնածուների թիվը և մնացած բոլոր մանրամասները դեռևս հստակեցման փուլում են։
Նրա խոսքով՝ այսօր երեկոյան պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանի նախագահությամբ պատրիարքական աթոռի կրոնական ժողովի նիստ կգումարվի, որի ընթացքում էլ կհստակեցվեն Պոլսո Հայոց Պատրիարքի հուղարկավորության, թաղման և մարմնի ամփոփման արարողակարգային բոլոր ծիսակարգերը։
«Պոլսո պատրիարքարանը Մեսրոպ Ս. Արք. Մութաֆյանի մահվան մասին տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Նվիրապտական Աթոռների գահակալներին, ինչն էլ ենթադրում է, որ նրանք կմասնակցեն հուղարկավորության կարգին։ Ամենայն հավանականությամբ, Պատրիարքի թաղումը տեղի կունենա մարտի 17-ին։ Հաջորդող 40-օրյա սգից հետո կսկսվեն վարչական գործընթացները, և նոր Պատրիարքի ընտրության գործընթացը կմեկնարկի», - ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար Պատրիարքությունը պետք է պայմանավորվածություններ ձեռք բերի և սերտորեն գործակցի պետական մարմիններին հետ։
Արա Գոչունյանը միաժամանակ նշեց, որ այսօր Թուրքիայի տարածքում գործում է 38 հայկական եկեղեցի, ինչը նշանակում է, որ ընտրությունների օրը երկիրի ողջ տարածքում կգործի ճիշտ այդքան ընտրատեղամաս՝ յուրաքանչյուր եկեղեցում մեկական։
Նրա տեղեկացմամբ, նախընտրական փուլում Պատրիարքի թեկնածուներին պետք է պաշտոնական նամակներ ուղարկվեն, և դրանց արձագանքելով՝ նրանք պետք է ասեն՝ ցանկանում են մասնակցել ընտրություններին, թե ոչ։
Ինչ վերաբերում է թուրքահայ համայնքի՝ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանի նկատմամբ վերաբերմունքին՝ հաշվի առնելով վերջինիցս ունեցած մշտական դժգոհությունները, Արա Գոչունյանը չցանկացավ ընդհանրացումներ կատարել։
Անձնապես ինքը, ասաց, նորմալ է վերաբերում Արամ Աթեշյանին։
«Ժողովուրդը քվեատուփին մոտենալիս ամեն ինչ կդնի կշեռքի նժարին», - ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ երեկ Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում մահացել է Պոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Ս. Արք. Մութաֆյանը։ Նա կոմայի մեջ էր մոտ 11 տարի: Պատրիարքին փոխարինում էր պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանը։