12/03/2019 17:15
Գրում են հատուկ այդպես լղոզված, որպեսզի յուրաքանչյուր կողմ իր օգտին դա մեկնաբանի. Հովհաննես Իգիթյանը՝ համանախագահների հայտարարության մասին
Նրանք դա գրում են հատուկ այդպես լղոզված, որպեսզի յուրաքանչյուր կողմ իր օգտին դա մեկնաբանի, որովհետև այլ դեպքում բանակցությունները երբեք չեն սկսվի, նման կարծիք Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից օրերս արված հայտարարության մասին:
«Ես չեմ զարմանում, որ Ադրբեջանը դա մեկնաբանում է, ինչպես իրեն է ձեռնտու, զարմանում եմ, որ ՀՀ-ում լինեն նախկին, ներկա, թե ապագա քաղաքական ուժեր, իրենք են այդ ամենը մեկնաբանում այնպես, ինչպես Ադրբեջանը: Մենք պետք է հասկանանք, որ հայտարարությունը դիվանագետներն են գրում: Նրանք դա գրում են հատուկ այդպես լղոզված, որպեսզի յուրաքանչյուր կողմ իր օգտին դա մեկնաբանի, որովհետև այլ դեպքում բանակցությունները երբեք չեն սկսվի: Եթե բանակցային կողմերից մեկը նախապես հայտարարության մեջ իր դեմ ուղղված որևէ բանաձև տեսնի, ապա չի գնալու բանակցությունների», - ասաց Իգիթյանը:
Նա նշեց, որ կողմերից յուրաքանչյուրն իրեն ձեռնտու տարբերակով է մեկնաբանել հայտարարությունն՝ ընդգծելով, որ իրեն բավարարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից եղած արձագանքը.
«Եղել է ԼՂՀ իշխանությունների հայտարարությունը, որտեղ նրանք բավականին տրամաբանական նկարագրում են, որ Արցախը միշտ եղել է բանակցային ֆորմատում՝ սկսած 1992 թվականից: Արցախը գտնում է, որ ինքը երբեք պաշտոնապես կողմերի համաձայնությամբ դուրս չի եկել բանակցություններից», - ասաց պատգամավորը:
Դիտարկմանը՝ մտահոգիչ չէ այն ձևակերպումը, որ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ պիտի տեղի ունենա Ադրբեջանի վերահսկողության ներքո, Իգիթյանն ասաց, որ հայտարարությունն ամբողջությամբ պիտի կարդալ՝ նկատելով, որ այն կոնտեքստի մեջ չի տեղավորվում և խոսքը 2009-2012 թթ-ի մասին է:
«Մեր իշխանությունը գտնում է, որ այս ժամանակաշրջանի հայտարարարությունը ավարտվել է: Ես համարում եմ, որ դա գտնվում է դիվանագիտական արխիվում, եթե ոչ աղբարկղում: Ինչու է դա նշված, չգիտեմ, մենք պետք է աշխատենք, որ նման հիշատակումներ չլինեն: Դրանք անտրամաբանական են, որովհետև եթե նույնիսկ համարենք, որ այն ժամանակվա ՀՀ իշխանությունը պատրաստ էր այն ընդունելու, այսօրվա ՀՀ իշխանությունը պատրաստ չէ», - ասաց Իգիթյանը:
Նա ընդգծեց, որ մեծ հաշվով համանախագահների հայտարարությունը մեկ նպատակ է հետապնդում՝ ստեղծել պայմաններ, որտեղ կբացառվեն ուժի կիրառումն ու ռազմատենչ հռետորաբանությունը, որպեսզի վերջապես սկսվեն բանակցությունները:
«Մինսկի խումբը ֆիքսում է, որ կողմերն առայժմ պատրաստ չեն բանակցություններին և պետք է պայմաններ ստեղծել, որ այդ բանակցությունները շուտ սկսվեն», - եզրափակեց պատգամավորը: