13/03/2019 13:31
Օպերայի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման հետևանքով գործազուրկ է մնում ընդհանուր առմամբ 300 մարդ. սրճարանատեր
Օպերայի հարակից տարածքում գործող և այս պահին ապամոնտաժվող «Ատմոսֆերա» սրճարանի համասեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանը պատկան մամիններից պահանջում է թույլ տալ աշխատել գոնե մինչև նոյեմբեր ամիս։
Նա լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ իրենց սրճարանն ամենահեղափոխականն է եղել, հեղափոխության օրերին «Ատմոսֆերայում» եղել են ներկա իշխանությունների շատ ներկայացուցիչներ, այդ թվում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ծննդյան օրը նշել է հենց իրենց սրճարանում։
Նույն սրճարանի աշխատակիցներից մեկն էլ նշեց, որ ավելի քան 7 տարի աշխատում է այդտեղ, սակայն հիմա այլևս գործազուրկ է, իր հետ՝ ևս 45 հոգի։
Նշենք, որ ի նշան միասնականության՝ սրճարանի աշխատակիցները մի-մի գավաթ կոնյակ խմեցին՝ միրմյանց հորդորելով չնեղսրտել։
«Շոկոլադնիցա» սրճարանի մենեջերն էլ նշեց, որ կոնկրետ իրենց սրճարանն ունի 60 աշախակից։
Նա միաժամանակ շեշտեց, որ Օպերայի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման հետևանքով գործազուրկ է մնում ընդհանուր առմամբ 300 մարդ։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ալ. Սպենդիարյանի անվան օեպրայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում քիչ առաջ սկսել են ապամոնտաժել շրջակա սրճարանները, դրանցից մեկի գույքն արդեն իսկ հանվել է դուրս։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։