13/03/2019 17:05
15 բիզնես կֆինանսավորվի և կհիմնադրվի Երևանում և Իջևանում
Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և Ավստրիական Զարգացման Գործակալության (ԱԶԳ) համաֆինանսավորմամբ, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ զբաղունակություն և կայունություն Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում Երևանի և Իջևանի 50 երիտասարդներ հնարավորություն կստանան անվճար մասնակցել 3-ամսյա ձեռնարկատիրության դասընթացների, ստանալ անհատական բիզնես խորհրդատվություն ոլորտի լավագույն խորհրդատուների կողմից, իսկ ամենաիրատեսական բիզնես գաղափարների հեղինակները կստանան դրամաշնորհներ սեփական բիզնեսի հիմնադրման համար։
2018-2019 թվականների դեկտեմբեր-մարտ ամիսներին ծրագրին մասնակցեց շահառուների առաջին խումբը՝ 14 երիտասարդ՝ պոտենցիալ ձեռնարկատերեր Երևանից։ «Բի Էս Սի» ընկերությունը աջակցեց մասնակիցների սեփական բիզնես գաղափարների հղկման, բիզնես մոդելի և բիզնես պլանի մշակման հարցում։
2019 թվականի մարտի 20-ին ժամը 10։00-ից Էլիտ Պլազա Բիզնես Կենտրոնում ծրագրի առաջին փուլի շահառուները կներկայացնեն իրենց բիզնես գաղափարները ընտրական հանձնաժողովին։ Համաձայն ընտրական հանձնաժողովի գնահատման՝ 5 բիզնես գաղափար կֆինանսավորվի։ Բիզնես գաղափարները տարբեր ոլորտներից են՝ ՏՏ, հրուշակեղենի արտադրություն, չրերի արտադրություն, հագուստի դիզայն և արդյունաբերություն, միջոցառումների կազմակերպում, ձեռագործ աշխատանքների պատրաստում և այլն։
«Բի Էս Սի» ընկերությունը շարունակական աջակցություն կցուցաբերի հիմնադրվող բիզնեսներին ու կմատուցի խորհրդատվություն բիզնեսի գրանցման, կառավարման, մարքեթինգի, վաճառքների, ֆինանսական կառավարման հարցերով։
Միջոցառմանը ներկա կգտնվեն ներկայացուցիչներ ԵՄ-ից, ծրագրի գործընկեր միջազգային ու հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև՝ մի շարք ձեռնարկատերեր։
2019-թվականին ծրագիրը կիրականացվի Իջևան քաղաքում, իսկ 2020 թվականին կընդգրկի շահառուներ Երևան քաղաքից։ Մանրամասների համար կարող եք դիմել «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն՝ 077/095 574778 հեռախոսահամարներով։