14/03/2019 14:06
Մենք այդ մարդկանց տունը չենք քանդում, այլ քանդում ենք երևանցիներից ու Երևանից խլածը. Վիկտոր Մնացականյանը՝ ապամոնտաժվող սրճարանների մասին
Օպերայի հարակից շրջանում տեղակայված սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են: Ոստիկաններին հաջողվել է վերականգնել երթևեկությունը Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում:
Ցուցարարները նստացույցը դադարեցնելուց հետո վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ ընթանում էր սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:
Այստեղ կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյան լրագրողների հետ զրույցում նշեց, որ ռեֆորմները ցավոտ են, բայց պետք է տեղի ունենան:
«Եթե մենք խոսում ենք իրավական պետությունից, հեղափոխությունից, և 81 տոկոսը մեզ վստահել է, առաջին հերթին սենց բաների համար է վստահել, որ կարողանանք այդ ցավոտ ռեֆորմներն անել: Մենք այդ մարդկանց տունը չենք քանդում, այլ քանդում ենք մեզանից խլածը՝ երևանցիներից ու Երևանից», - նշեց թաղապետը:
Նա հավելեց՝ այլևս երբեք թույլ չեն տալու, որ Օպերայի տարածքում և Հանրապետության հրապարակում սրճարաններ լինեն:
Մնացականյանը նաև տեղեկացրեց, որ մեկ ամիս առաջ աշխատողներին տեղեկացվել է ապամոնտաժման համար ու սա նրանց չպետք է անկանկալի բերեր: