14/03/2019 16:34
Իրեն մի հավատացեք, նա ահավոր սուտասան մարդ է. ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանը՝ ՀՔԾ պետի մասին
Դատարանի դահլիճում ասել ենք այն, ինչ պատրաստել էինք խոսելու՝ կապված հիմնավոր կասկածի հետ, անձեռնմխելիության խնդրի հետ, անվտանգության հարցերի հետ, առաջադրված մեղադրանքի հետ, ներկայացված միջնորդության հետ, որը վերաբերում էր կալանքի ժամկետը երկարացնելուն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Ռուբեն Սահակյանը։
«Ասում են՝ Պաշտպանության բանակը իրավունքն չունի խառնվելու ներքին հարցերին, անվտանգության հարցերը միայն սահմաններին պետք է լինեն։ Դա կատարյալ անգրագիտություն է։ Եթե այդպես ասում են, թող հղումներ կատարեն օրենքներին։ Մենք հղում ենք կատարում օրենքներին և ասում ենք՝ դա նաև ներքին հարց է։ Մենք ոչ թե միայն ներքին օրենքներին ենք հղում կատարում, այլ նաև՝ միջազգային փաստաթղթերին», - ասաց պաշտպանը։
Ռուբեն Սահակյանը լրագրողների դիտարկումներին ի պատասխան՝ հարց ուղղեց՝ իսկ ո՞վ է ասում, որ բանակը մասնակցել է քաղաքական զարգացումներին։
«Սասուն Խաչատրյա՞նն ասաց, քննչական մարմի՞նն ասաց։ Ես չեմ հավատում նրանց, նրանց ասածը ջուր է։ Ես ասում եմ՝ 0038 հրամանն իր մեջ որևէ հանցավոր բան չի պարունակում, դրա բացատրությունն ավելի լավ, քան տվել է Սեյրան Օհանյանը, ոչ ոք չի կարող տալ», - ասաց փաստանաբը։
Հարցին՝ ինչպես է վերաբերում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, որ Մարտի 1-ի գործողությունների ժամանակ զինվորներին վարձկանների էին վերածել, որոշ օլիգարխներ վճարում էին իրենց տները պահպանելու համար, Սահակյանը պատասխանեց՝ նման հայտարարություն կարող է անել մարդը, որը նենգափոխում է գործի փաստերը։
«Իրեն մի հավատացեք, նա սուտասան է, ահավոր սուտասան մարդ է։ Ես քրեական գործն եմ կարդում, նման բան չկա։ Գործը կարված է, հարցեր են տալիս, որոնք առնչություն չունեն գործին», - ասաց փաստաբանը։