14/03/2019 17:31
Շարքային Համլետ Ավագյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ 75937 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Շարքային Համլետ Հրաչի Ավագյանը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով մարտի 12-ին, Aysor.am-ին հայտնել էր ՀՀ Քննչական կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Զինծառայողը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Հ. Ավագյանը մահացել է», - ասել էր նա։
Նաիրա Հարությունյանը տեղեկացրել էր, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։