16/03/2019 12:45
«4019 տարվա պատմություն ունեցող Հալեպը Ձեզ համար կալյանով կկրճատվի՞». Հալեպահայերը վիրավորված են Վիկտոր Մնացականյանի հայտարարությունից
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը նախօրեին Օպերայի հարակից սրճարանների ապամոնատժման դեմ պայքարող աշխատակիցների հետ բանավեճի ընթացքում դժգոհել էր որոշ սրճարանների գործելաոճից՝ հայտարարելով. «Նարգիլեներեը բերել եք, հարյուրներով շարել եք, Երևանը սարքել եք Հալեպ, էտ լա՞վ ա: Դուք ինձ հարցնու՞մ եք, որ բերում եք էտ նարգիլեները, շարում եք»:
Մնացակայանի հայտարարությունը հարուցել է հալեպահայերի դժգոհությունը: Նրանք մասնավոր զրույցներում և սոցցանում իրենց վրդովմունքն են հայտնում, առ այն, որ հազարամյա պատմություն և մշակույթ ունեցող քաղաքը Վիկտոր Մնացականյանն ասոցացնում է միայն նարգիլեների հետ և մատնացույց է անում որպես վատ օրինակ:
Սիրիահայ Շանթը սոցցանցի իր էջում գրել է. «Պարոն Մնացականյան՝
4019 տարիների պատմություն ունեցող Հալեպը Ձեզ համար կալյանով կկրճատվի՞։
Ձեր արտահայտությունը վիրավորական էր։
Բազմապատիկ հալեպահայեր՝ բիզնեսներ և ներդրումներ են ունեցել տարբեր ոլորտներում..
Ավելի ճիշտ չէ՞ր լինի սփյուռքի ամենամեծ համայնքի քաղաքի մասին, ավելի հարգանքով խոսել»:
Թեմային արձագանքել են նաև հայ օգտատերերը՝ նշելով, որ իրենց հալեպահայ ընկերները վրոդվված են Վիկտոր Մնացականյանի հայտարարությունից:
Ծովինար Կոստանյանը գրել է. «Հալեպը այստեղ ի՞նչ կապ ունի: Սա ընդհանրապես սխալ համեմատություն և մեսսիջ է, որը կարող է բազմաթիվ սիրիահայերի ականջին վիրավորական հնչել: Իմ հալեպահայ ընկերները արդեն վրդովված են այս պաշտոնյաի ենթատեքստ պարունակող խոսքերից: Մի մոռացեք, որ Հալեպը պարզապես Սիրիայի քաղաքներից մեկը չէ, այլ այդ հանրապետութան ամենամեծ հայկական բնակչություն ունեցող քաղաքն է: Ցեղասպանությունից հետո այն դարձել է բազմաթիվ հայերի համար ապաստան և հայրենիք, որտեղ պաշտպանել են հայկական մշակույթը, հավատքը, լեզուն և անկոտրուն ոգին»:
Էմմա Խաչատրյանը գրել է. «Անշուշտ, մեր Երևանը պետք է դառնա աշխարհի ամենասիրուն քաղաքը։
...բայց նեղսրտեցի, որ պաշտոնյա անձը վիրավորեց մեր վիրավոր #Հալեպին։ «Հարյուրավոր նարգիլեները բերել, շարել եք, Երևանը սարքել եք Հալեպ, էդ լավ ա՞» (1.50):
Թո՛ղ ոչ ոք հանկարծ ու հանկարծ չփորձի վիրավորել մեր դեռ արյունաքամվող Հալեպը։ Մեր թանկ ու հարազատ Հալեպը։ Ո՛չ ոք։
Ծայրահեղ դեպքում թո՛ղ Երևանը համեմատեր, օրինակ, ստամբուլի հետ (հազարապատիկ ներողություն եմ խնդրում)։
Թեպետ գերադասելի կլիներ Երևանը թողներ անհամեմատելի։
Իսկ ավելի նախընտրելի կլիներ խոսելուց առաջ մտածեր, իսկ մտածելուց առաջ մի քիչ է՛լ մտածեր։
Ե՞րբ պիտի տիրապետենք խոսելուց առաջ մտածելու մշակույթին»: