18/03/2019 13:24
Վիտալի Բալասանյանը Արցախի նախագահի ընտրություններում առաջադրվելու վերջնական որոշում չի կայացրել (Տեսանյութ)
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը 2020 թվականին կայանալիք Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվելու վերջնական որոշում չունի, թեպետ մամուլը նրան համարում է մրցակցային թեկնածուներից մեկը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Վիտալի Բալասանյանը տեղեկացրեց, որ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներ է անցկացնում, հանդիպելու է նաև Հայաստանի, Սփյուռքի ներկայացուցիչների, հոգևորականների հետ, ներկայացնում ծրագրերը։
«Երբ մեծամասնությունը հավանություն տա, և ես տեսնեմ, որ ժողովուրդը ցանկություն ունի ինձ հետ շարունակել աշխատել, առաջ շարժվել, ես կհայտարարեմ, որ մասնակցելու եմ թե՛ Ազգային ժողովի, թե՛ նախագահական ընտրություններին։ Արդեն իսկ կան կուսակցություններ, որոնք հայտարարել են ինձ սատարելու մասին և ինչու չէ, ես պետք է իրենց սատարեմ, որ մասնակցեն Ազգային ժողովի ընտրություններին», - ասաց Վիտալի Բալասանյանը։
Նշենք, որ 2020 թվականի սկզբին Արցախում անցկացվելու են նախագահի ու Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություններ։
Դիտարկմանը՝ այս պահին վերջնական որոշում առաջադրվելու մասին, ըստ էության չունի, Բալասանյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ՝ ոչ։ Ես պետք է ուսումնասիրեմ, հանդիպեմ մարդկանց հետ համոզված լինեմ, որ կա ցանկություն ինձ հետ աշխատելու, կորոշեմ»։
Մանրամասն՝ տեսանյութում