18/03/2019 12:23
Համայնքի ավագանին հաշվետու է բացառապես իր ընտրողների, այլ ոչ թե մարզային իշխանությունների առջև. Աբովյան համայնքի ավագանու անդամների հայտարարությունը
Աբովյան համայնքի ավագանու անդամները հայտարարություն են տարածել, որում իրենց վրդովմունքն են հայտնել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարցազրույցի վերաբերյալ։
«Ս/թ մարտի 15-ին ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում իրեն իրավունք է վերապահել գնահատականներ հնչեցնել Աբովյան համայնքի ավագանու գործունեության վերաբերյալ։
Ընդունելով մարզպետի հրավերը՝ ունեցել ենք կառուցողական, ողջունելի, ինչպես նաև ընկերական հանդիպում, ի շահ և բարորություն Աբովյան համայնքի և աբովյանցու՝ ակնկալելով հետագա կառուցողական համագործակցություն: Այդքանից հետո Աբովյանի ավագանու հնչեցված պատասխանները ոչ ադեկվատ համարելը առնվազն կոռեկտ և ադեկվատ չէ:
Համայնքի ավագանին տեղական ինքնակառավարման ընտրովի մարմին է, ստացել է աբովյանցու վստահության քվեն և հաշվետու է բացառապես իր ընտրողների, այլ ոչ թե մարզային իշխանությունների առջև։
Համայնքի ավագանին իր գործունեությամբ նպաստել և մասնակից է եղել մեր սիրելի քաղաքի արդյունավետ կառավարմանը և զարգացմանը:
Մեր վրդովմունքն ենք հայտնում հարցազրույցում մարզպետի արտահայտած մտքերի կապակցությամբ:
Հորդորում ենք պարոն մարզպետին այսուհետ զերծ մնալ նման կարգի գնահատականներ հնչեցնելուց և մնալ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում», - նշված է հայտարարության մեջ։