18/03/2019 16:17
Մարդու իրավունքների մասին Պոմպեոյի հայտարարությունները Չինաստանն իրավաչափ չի համարել
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունն անիրավաչափ է համարել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի արտահայտությունները Չինաստանում մարդու իրավունքների խախտումների մասին:
«Մենք վճռականորեն դեմ ենք, որպեսզի ամերիկյան կողմի ներկայացուցիչները հանդես գան անիրավաչափ մեղադրանքներով. Պեկինը Վաշինգտոնին լրջորեն տեղեկացրել է այս մասին,- նշել է նա՝ հանդես գալով ճեպազրույցում։- Չինաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հարցում ձայնի իրավունքը պատկանում է չինացի ժողովրդին։ Միջազգային հանրության անդամների մեծ մասը նույնպես տեղյակ է իրավիճակին»։
Դիվանագետի խոսքով՝ անցած շաբաթ ՉԺՀ ԱԳՆ փոխնախարար Լե Յույչենը զեկույցով հանդես է եկել ՄԱԿ-ում՝ նվիրված Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը։ «Նիստի մասնակիցները դրական գնահատական են տվել այն հաջողություններին, որոնց հասել է մեր երկիրն այս ուղղությամբ, նրանք հավանություն են տվել Պեկինի որդեգրած բաց եւ վստահ դիրքորոշմանը»,- հավելել է Գեն Շուանը։
Ավելի վաղ Մայքլ Պոմպեոն աշխարհում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին հերթական զեկույցին նվիրված ճեպազրույցում ասել էր, որ «Չինաստանը հավասարը չունի, երբ խոսքը վերաբերում է դրանց խախտումներին»։