18/03/2019 20:08
Մեծ Բրիտանիայում առաջարկել են արգելել վնասակար ուտելիքի գովազդը ցերեկային ժամերին
Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է համացանցում և հեռուստատեսությամբ վնասակար ուտելիքի գովազդի ցուցադրումը մինչև ժամը 21:00-ն արգելելու առողջապահության նախարարության առաջարկությունը: Դա մանկական ճարպակալման դեմ պայքարի համալիր միջոցառումների բաղկացուցիչ մասն է, ինչի մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:
«Ներկայում յուրաքանչյուր երրորդ երեխան տարրական դպրոցն ավարտում է ավելցուկային քաշով կամ ճարպակալմամբ: Դրանով լրջորեն տառապող երեխաների թիվը ռեկորդային բարձր մակարդակում է»,- նշվում է հաղորդման մեջ:
Առողջապահության և սոցիալական ապահովության դեպարտամենտում նշել են, որ սահմանափակումները կվերաբերեն հեռուստածրագրերին, առցանց-հեռարձակումներին և սոցցանցերին: Ավելի վաղ ճարպի, աղի կամ շաքարի բարձր պարունակությամբ մթերքների գովազդն արգելված էր սոսկ մանկական հեռուստածրագրերում: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ դեռահասներն իրենց ժամանակի 64 տոկոսն անցկացնում են այն հաղորդումների դիտմամբ, որոնք չեն համապատասխանում իրենց տարիքին: