19/03/2019 09:35
Ես լիարժեք ողջունում եմ Օպերայի շրջակայքում քաղաքապետարանի սկսած գործընթացը. Անահիտ Թարխանյան
Երևանի քաղաքապետարանը հրաշալի նախաձեռնություն է սկսել, Օպերայի տարածքի սրճարաններն ապամոնտաժելով՝ քաղաքային իշխանությունները շատ մեծ գործ են անում, Aysor.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։
Նրա խոսքով՝ կասկածից վեր է, որ Օպերայի տարածքում տեղակայված բոլոր սրճարանները պետք է ապամոնտաժվեն, կանաչ տարածության վերականգնմամբ պետք է ապահովվի Փոքր Կենտրոնի մաքուր օդի գոնե մի որոշ զանգվածը։
«Սա այն առաջնայինն էր, որ պետք է արվեր։ Ես լիարժեք ողջունում եմ քաղաքապետարանի սկսած գործընթացը։ Ինչ վերաբերում է Օղակաձև այգում գործող սրճարաններին, ապա սա լրիվ այլ խոսակցություն է։ Այստեղ ավելի խոր ուսումնասիրություններ են անհրաժեշտ։ Դրա հիման վրա պետք է համապատասխան որոշում կայացվի. ովքեր աշխատում են օրինական դաշտում, պետք է շարունակեն աշխատել, ովքեր ոչ, նրանց համար նոր լուծումներ գտնվեն», - ասաց մեր զրուցակիցը։
Ճարտարապետին խնդրեցինք անդրադառնալ նաև մայրաքաղաքի բնակելի շենքերի տանիքներում ներկառուցված մանսարդների (ձեղնահարկերի) ապամոնտաժման հնարավոր քայլին, ինչին ի պատասխան նա նշեց, որ դրանց ներկայիս տեսքը խաթարում է Երևանի ճարտարապետական դեմքը։
«Նոր վերանախագծում պետք է արվի, մանսարդները ոչ թե պետք է վերացվեն, այլ դրանց պետք է թամանյանական ոճին համահունչ ձևավորում տրվի։ Շինարարությունն իրականացված է, բայց իրականացված է տգեղ։ Ինձ թվում է՝ պետք է նոր ճակատներ մշակել։ Եթե ճիշտ վերանախագծում իրականացվի, շենքերի վերին հարկերում կառուցված շինությունները կարող են մնալ։ Միջազգային պրակտիկայում դա շատ ընդունված է», - ասաց Անահիտ Թարխանյանը։
Զրույցի վերջում Անահիտ Թարխանյանը քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրեց Երևանում բազմաթիվ խախտումներով աշխատող բազալտի արտադրամասերի հետևանքների վրա։
«Մայրաքաղաքի փոշու գրեթե 40-50 տոկոսը հենց այդ 300 արտադրամասերի գործունեության հետևանքով է լինում։ Այլ խնդիր է նախկին Երիտասարդական պալատի հարակից տարածքում բազալտի արտադրամասը։ Սա ուղղակի խայտառակություն է։ Այնտեղ աղում են խիճը և վաճառում։ Փոշու ամենամեծ տոկոսն այդտեղից է դուրս գալիս։ Առանց մտածելու՝ օր առաջ պետք է փակել այդ արտադրությունը», - ասաց ճարտարապետը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքում մեկնարկել է սրճարանների ապամոնտաժման գործընթացը։