19/03/2019 09:44
«Ժողովուրդ». Զեյնալյանի թիրախում է հայտնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավոր
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թիրախում են հայտնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավոր: Զեյնալյանը կարգապահական վարույթ է հարուցելու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորի` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խուդկարյանի և 10 դատավորի նկատմամբ:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, թերթի հարցմանն ի պատասխան, նշել է, թե անպատասխան է թողնում այն, քանի որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը:
Թերթը գրում է, որ այդ դատավորների թվում նշվում է նաև Ստեփան Միքայելյանի անունը, քանի որ նրա գործողությունների հետ կապված նույնիսկ քաղաքացին բողոքել է նախարարին: «Վարույթ չի հարուցվել, քաղաքացին դիմել է արդարադատության նախարարին, իսկ նախարարը մեզ հարցադրումներ է ուղարկել, մենք էլ մեր բացատրությունն ենք տվել», - ասել է Միքայելյանը: