19/03/2019 15:41
Չեմ պատկերացնում, որ գնամ Ղարաբաղ և այնտեղ ծառայող իմ տղայի մորն ու քույրերին չտանեմ ինձ հետ. Փաշինյան
Երբ ես գնացել եմ Բաղրամյան 26-ում աշխատելու, ինձ ցույց են տվել սենյակը և ասել են՝ սա էլ Ձեր տիկնոջ սենյակն է, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչու է Աննա Հակոբյանի գրասենյակը տեղակայված Բաղրամյան 26 հասցեում։
«Դա որոշակի կարգավիճակ է։ Ես հարց եմ բարձրացնում. այդ կարգավիճակն ընդհանարապես պե՞տք է մեր երկրին, թե պետք չէ։ Եթե պետք չէ, կարող ենք այն վերացնել։ Կանանց ներգրավվածությունը հանրային կյանքում մեզ համար կարևո՞ր թեմա է, թե կարևոր չէ։ Ինձ համար Աննայի գործունեությունը կարևոր է այդ առումով։ Մենք պետք է կանանց քաջալերենք բոլոր ոլորտներում», - ասաց գործադիրի ղեկավարը։
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Աննա Հակոբյանն ազդեցություն ունի իր որոշումների հարցում, վարչապետը դա բացարձակ անհեթեթություն որակեց՝ նկատելով, որ այդպես կարող են խոսել միայն իրեն չճանաչողները։
«Եթե այդպիսի բան լիներ, դա կլիներ խայտառակություն։ Ինչ վերաբերում է մեր ընտանիքի ծախսերին, ապա մեր ընտանիքն ապրում է այնպես, ինչպես ապրում էր նախկինում՝ որոշ արարողակարգային անհրաժեշտությունները ներառյալ։ Այն ինչ անհրաժեշտ չէ, մեր կենսակերպում բացարձակապես չի փոխվել։ Սևանում էլ ամառանոց կա, այնտեղ էլ ենք գնում։
Ինչո՞ւ են ինձ հետ գալիս. իմ ընտանիքն է, և ես չեմ պատկերացնում, որ երբևէ պետք է գնամ Ղարաբաղ, և այնտեղ ծառայող իմ տղայի մորը և քույրերին չտանեմ ինձ հետ։ Ինձ համար իմ ընտանիքը շատ կարևոր է։ Իմ ընտանիքը հանրային ուշադրության կենտրոնում է, և հավաստիացնում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը դա հասկանում է։ Մեր այսօրվա կարգավիճակը չենք չարաշահել», - ասաց վարչապետը։