19/03/2019 13:38
Բանկային համակարգը պատրաստ է ֆինանսավորել կայուն և հեռանկարային բիզնեսները, որոնք միտված կլինեն արտահանելուն. Արտակ Հանեսյան
«Վերջին երկու տարվա ընթացքում թյուր կարծիք է ձևովորվել հասարակության մոտ, որ բանկերն ավելի շատ խաբում են իրենց թանկ վարկերով, ավելի վատ վիճակի մեջ են գցում հասարակությանը, գույք են ձեռքերից վերցնում», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ, Ամերիա բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։
«Ուզում եմ հստակեցնել, որ մարդկանց բիզնեսին տեր կանգնելու նպատակ չունենք։ Բանկերն առևտրային կազմակերպություններ չեն, իրենք գույքի վաճառքով չեն զբաղվում, բացի բանկային գործունեությունից այլ բիզնեսով չեն զբաղվում, և շահ կամ նպատակ չունեն մարդկանց բիզնեսին տեր դառնալու։ Շատ կարևոր է հասկանալ, որ տրամադրվող վարկերը բանկերի անձնական միջոցները չեն, կամ ոչ միայն բանկերի սեփականատերերի կողմից ներդրված կապիտալի հաշվին է լինում, այլ այն մարդկանց խնայողությունների հաշվին, ովքեր վստահել են իրենց խնայողությունները՝ ավանդի տեսքով ներդնելով բանկային համակարգում», - ասաց Արտակ Հանեսյանը։
Նրա խոսքով՝ հայաստանյան բանկերի ստացած մարժան երբ համեմատում ենք հարևան երկրների հետ, պարզ է դառնում, որ Հայաստանի բակային համակարգն ավելի համեստ եկամուտ է ստանում։
«Դրա հետևանքով է, որ Հայաստանի բանկային համակարգի եկամտաբերությունը միջինում կազմում է 8 տոկոս», - ասաց նա։
Անդրադառնալով, մասնավորապես, Ամերիա բանկին, Արտակ Հանեսյանը ներկայացրեց, թե մի քանի տարվա ընթացքում Ամերիան ինչ ֆինանսական ազդեցություն է ունեցել տնտեսության վրա.
«Ամերիա բանկի կողմից 2008 թվականից ի վեր 4.5 մլրդ դոլարին համարժեք և ավելի գումար է տրամադրվել տնտեսությանը վարկերի տեսքով։ Տարեկան մոտ 39 տոկոսով աճել է Ամերիա բանկի վարկային ներդրումները։ Այդ գումարներից առնվազն 1.2 մլրդ դոլարին համարժեք գումարը տրամադրվել է արտահանման ֆինանսավորման համար»։
2018 թվականին Ամերիայի սպառողական վարկային պորտֆելը կրկնապատկվել է, հիպոթեքային վարկային պորտֆելի աճը կազմել է 50 և ավելի տոկոս, բիզնեսին տրամադրված վարկերն աճել են 14 տոկոսով։
«Կարող եմ ասել, որ հաճախորդների քանակը կրկնապատկվել է», - նշեց Արտակ Հանեսյանը՝ մանրամասնելով, որ դա նաև ի հաշիվ նոր ծառայությունների է, որոնք ներդրվել են տարեսկզբին։
Ամերիա բանկի գլխավոր տնօրենը հավաստիացրեց՝ շարունակելու են ընդլայնել այդ ծառայությունները, այս տարի ևս երկու նոր ծառայություն են ավելացնելու։
«Բանկային համակարգը պատրաստ է ֆինանսավորել կայուն և հեռանկարային բիզնեսները, որոնք միտված կլինեն արտահանելուն», - ընդգծեց ՀԲՄ նախագահ Արտակ Հանեսյանը։