19/03/2019 13:07
Նարեկ Մալյանին առնչվող քրեական գործով «Ռեստարտի» մեղադրյալների թիվը ավելացել է. Նրանք 6-ն են
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, հասարակական գործիչ Նարեկ Մալյանին առևանգելու փորձի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալների թիվը ավելացել է։ Հայաստանի գլխավոր դատախազության հանրայն կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշենորվ՝ «առևանգման փորձ» մեղադրանք է առաջադրվել «Ռեստարտ» նախաձեռնության խմբի ևս 4 անդամների նկատմամբ՝ Յուրի Ավագյան, Հրաչյա Խլղաթյան, Գարիկ Միսկարյան, Արամայիս Պետրոսյան։
Ավելի վաղ, Aysor.am-ը տեղեկացրել էր, որ նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել նաև «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանի և Դավիթ Սիմոնյանի նկատմամբ:
««Ռեստարտ» նախաձեռնության չորս անդամների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել առևանգման փորձ կատարելու համար։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց, ընտրվել է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին», - ասաց Արևիկ Խաչատրյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ռեստարտի» անդամները Նարեկ Մալյանին ուժով փորձել էին տանել, ու իրենց խոսքով, նետել աղբարկղը։ Մալյանն իր հերթին հայտարարել էր, որ շուրջ 10 հոգով փորձել են իրեն քաշքշել, ճանկռել, այնուհետև մի քանի րոպե անց միջամտել էին ոստիկանները և նրանց բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին։
Սկզբում քրեական գործը հարուցվել էր խուլիգանության հատկանիշներով, սակայն հետո այն վերաորակվել էր որպես առևանգման փորձ։
Դեպքին անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության։