
19/03/2019 16:37
Չենք սահմանափակվելու միայն Օպերայի հարակից տարածքով. Հայկ Մարության
Հյուսիսային պողոտայի, Բուզանդի և մյուս փողոցների՝ բնակարանային փոխհատուցում դեռևս չստացած բնակիչներին բազմիցս ընդունել ենք և մեր լիազորությունների սահմաններում հնարավորինն արել։ Այլ անելիք չունենք, փոխհատուցումը, համենայնդեպս, մեր լիազորույթունների տիրույթում չէ, ավագանու այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Անդրադառնալով Օպերայի շենքի շրջակայքում սրճարանների ապամոնտաժման գործընթացին՝ նա մեկ դիտարկում արեց՝ բողոքի ալիքը կազմակերպված սկսվեց, կազմակերպված էլ ավարտվեց, ինչը գուցե հիմք է տալիս ենթադրելու, որ տարբեր ուժեր կամ անձինք փորձում էին գործընթացին այլ երանգ տալ։
Հարցին՝ սրճարանների ապամոնտաժման աշխատանքները կհասնե՞ն նաև Օղակաձև այգի, Հայկ Մարությանը դրական պատասխան տվեց։
«Չենք սահմանափակվելու միայն Օպերայի հարակից տարածքով։ Ասեմ ավելին՝ Օպերայի տարածքում ապամոնտաժումը փուլային է լինելու։ Ամեն տեղ է փուլային լինելու, որպեսզի տնտեսվարողները մեծ վնասներ չկրեն։ Սա լինելու է հետևողական աշխատանք», - ասաց Երևանի քաղաքապետը։
Լրագրողները Հայկ Մարությանից նաև հետաքրրքվեցին՝ չի մտահոգվո՞ւմ, որ իր այս գործողություններով, ի դեմս տնտեսվարողների, թշնամի է ձեռք բերում։
«Ճիշտն ասած, եթե մտահոգվեի, չէի գա այս աշխատանքին։ Մենք ուղղակի քաղաքականություն ենք գծում և գնում առաջ», - ասաց Մարությանը։
Լրագրողները նաև հետաքրրքվեցին՝ ինչու սրճարանների ապամոնտաժման հարցը հանրային քննարկման չդրվեց։ Քաղաքապետը պատասխանեց՝ որովհետև դրա կարիքը չկար, բացի այդ հանրային պահանջն ակնհայտ էր։
«Նաև դատական գործընթացներ են լինելու»,- ասաց Մարությանը՝ հավելելով, որ իրենց կողմից նյութեր են պատրաստվել և փոխանցվել իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե ինչպես է օրինակ պատահել, որ Դավիթաշեն և Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների շենքերի մի մասը պատկանում է ինչ-որ անձանց, նույնը՝ մեկ գրադարանի և մեկ մարզադաշտի մասով։