19/03/2019 15:10
Այնպես չէ, որ կառավարական առանձնատունը մեզ առանձնապես հաճույք է պատճառում. ՀՀ վարչապետ
Երբ ես գործազուրկ եմ եղել և ապրել եմ ծայրահեղ աղքատության պայմաններում, իմ ընտանիքն ինձ հետ է եղել և իմ կողքին։ Երբ ես զրոյից լրատվամիջոց ստեղծելիս եմ եղել, իմ ընտանիքը եղել է իմ կողքին։ Երբ որ իմ դեմ տեռոր էր իրակնացվում և ես բանտում էի, իմ ընտանիքը եղել է իմ կողքին։ Հիմա, ակնկալիքն այն է, որ ես իմ ընտանիքից հրաժարվե՞մ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու են իր ընտանիքի անդամներն արտասահմանյան այցերի ժամանակ ուղեկցում իրեն։
«Եվ այդ ակնկալիքի հեղինակները նրանք են, ովքեր հանդես են գալիս որպես Հայաստանում ավանդական արժեքների պահպաննե՞ր։ Հիմա իմ ընտանիքն ապրում է կառավարական առանձնատանը, և այդ առանձնատունը պահվում է պետական բյուջեի միջոցներով։ Այդպես է։ Մենք համարում ենք, որ մեր քաղաքացիները պետք է մեր արած և մտածած ամեն ինչի մասին տեղեկացված լինեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ կառավարական առանձնատուն տեղափոխվել է մեկ պատճառով, որովհետև երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, և կառավարական առանձնատունը պետական կարևոր խորհրդանիշներից մեկն էր։
«Դա նույնն էր, եթե ես վարչապետ ընտրվեի և ասեի, որ Բաղրամյան 26 չեմ գնում։ Այնպես չէ, որ կառավարական առանձնատունը մեզ առանձնապես հաճույք է պատճառում։ Երբ այնտեղ դեռ դատարկ էր, մենք նույնիսկ ընտանիքով լրջորեն քննարկել ենք՝ արդյոք մեզ պետք է շարունակել այդտեղ լինել, թե ոչ», - նշեց գործադիրի ղեկավարը։