20/03/2019 13:19
Գրավատների, փոխանակման կետերի տուրքը 60 անգամ բարձրացնելը խնդրահարույց է, ոլորտը կկորցնի գրավչությունը. «Իմ քայլի» պատգամավոր
Հայաստանի գրավատներն ու փոխանակման կետերը երկրի ամբողջ ֆինանսական համակարգի կես տոկոսից էլ քիչ մասն են կազմում, այսօր Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ հայտարարեց գրավատնային գործունեություն իրականացնող ընկերության հիմնադիր-տնօրեն Մհեր Գևորգյանը։
Հիշեցնենք՝ գրավատների ու փոխանակման կետերի ներկայացուցիչները դժգոհում են կառավարության կողմից «Պետական տուրքի» մասին օրենքում կատարված փոփոխություններից, որոնց համաձայն, պետտուրքը գրավատների համար թանկացվում է 100 000 դրամից մինչև 6 մլն դրամ, իսկ բանկերի համար 3 միլիոնից 7 միլիոն դրամ է դառնում, այսինքն` 60 անգամ ավելանում է գրավատների պետտուրքը։
Ներկայումս Հայաստանում գործում է 128 գրավատուն, որից այդչափ պետական տուրք հնարավորություն չի ունենա վճարել 70-80 տոկոսը։ Արդյունքում, ըստ նրա, հարյուրավոր մարդիկ կզրկվեն աշխատանքից, կփակվեն բիզնեսներ։ Գևորգյանը պնդում է՝ այս փոփոխություններով փոքր ու միջին ընկերություններին կանգնեցնում են փակման եզրին։ Տարբեր պաշտոնյաների պնդումները, թե նման փոփոխություններով փորձում են երկրում կայուն ֆինանսական իրավիճակ հաստատել, Գևորգյանը համարում է անհիմն։ «Եթե գրավատներն ու փոխանակման կետերը երկրի ֆինանսական համակարգի կես տոկոսից էլ փոքր մաս են կազմում, ապա դրանք ինչպես կարող են անկայունացնել համակարգը կամ վտանգ համարվել կայունացման համար», - նշեց Գևորգյանը։
Նա նկատեց, որ կառավարության ներկայացուցիչներից որևէ լուրջ պատճառաբանություն չեն ստացել, ավելին, նրանց հետ նույնիսկ քննարկում չի կազմակերպվել։
«Միգուցե տանում են խոշորացման, ինչը մեր կարծիքով թե տնտեսության, թե նոր կառավարության հռչակած տնտեսական հեղափոխության գաղափարներին հակառակ պրոցես է, որովհետև միանշանակ առաջանում է մոնոպոլիայի ռիսկ», - նկատեց Գևորգյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նկատեց, որ պետտուրքի փոփոխություն օրենսդրությամբ կատարվել է 1997 թվականին և այժմ էլ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ կյանքը զարգացել է, ծառայությունների մատուցման ձևերը փոխվել են։ Նրա խոսքով՝ գրավատների, փոխանակման կետերի վերաբերյալ պետք է ունենալ ռազմավարություն, ինչը կա, օրինակ, բանկերի դեպքում։ Անդրադառնալով պետական տուրքի չափի նման բարձրացմանը՝ Մանուկյանն ասաց, որ եթե ներկայացվող թվերը ճիշտ են, ապա դա խնդրահարույց է։
«Բարձրացման այն քանակը, որը դրված է, իմ գնահատմամբ, բավականաչափ նվազեցնելու է այս ոլորտի գրավչությունն ընդհանրապես։ Մենք պետք է հասկանանք՝ եթե 60 անգամ պետական տուրքը բարձրանում է, շուկայում ինչ խաղացողներ են լինելու և ինչ էֆեկտ է լինելու։ Պետք է հասկանալ՝ ինչ անել», - նշեց Մանուկյանը։
«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Հայկ Սարգսյանը նկատեց, որ գրավատների դեպքում ներկայումս պետական տուրքը ամսական կազմում է 8300 դրամ, ինչը անընդունելի է և միանշանակ պետք է բարձրանա։
«Բայց նաև համաձայն չեմ 6 մլն դրամ բարձրացնելու հետ։ Կարծում եմ՝ մենք մեր խմբակցության, նաև տնտեսական հարցերի հանձնաժողովի պատգամավորներով կհրավիրենք Կենտրոնական բանկի ներկայացուցիչների, իրենցից նույնպես պարզաբանումներ կպահանջենք, որը տեղի կունենա ուղիղ եթերում։ Կլինի քննարկում և կհասականանք՝ ինչ անել։ Ըստ իս, անընդունելի է, որ պետտուրքը մնա այնքան, որքան հիմա է, և նաև նորմալ չէ, որ լինեն այնպիսի պայմաններ, որ շուկայի մեծ մասը ստիպված լինի փակվել», - ասաց Սարգսյանը։