20/03/2019 12:17
Փոխանակման կետերի 80 տոկոսը կփակվի, եթե պետտուրքն ավելանա 60 անգամ. Քննարկում՝ Ազգային ժողովում
Գրավատների գործունեության համար 100 հազար դրամի փոխարեն հարկերը 6 մլն դարձնելն աբսուրդ է, այսօր Ազգային ժողովի Տնտեսական հարցերի հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Արարատի մարզում գործունեություն իրականացնող գրավատներից մեկի ներկայացուցիչ-իրավաբան Աշոտ Մխեյանը։
Նշենք, որ «Պետական տուրքի» մասին օրենքում կատարված և կառավարության կողմից ընդունված փոփոխություններով պետտուրքը գրավատների համար բարձրացվում է 100 000 դրամից մինչև 6 մլն դրամ, իսկ բանկերի համար 3 միլիոնից 7 միլիոն դրամ է դառնում, այսինքն` 60 անգամ ավելանում է գրավատների պետտուրքը։
«Օրինակ՝ մեր գրավատան պորտֆելը համարվում է փոքր պորտֆել, առավելագույնը 20 մլն է և 6 մլն հարկ վճարելն աբսուրդ է։ Մեր գրավատունը Արարատի մարզում է և այնտեղ վարկային գումարներն ավելի փոքր են ու չվճարողներն էլ՝ շատ», - խնդիրը ներկայացրեց Մխեյանը։
Նա տեղեկացրեց, որ Կենտրոնական բանկից ծանուցում են ստացել օրերս, որի համաձայն տույժերի դրույքաչափը 0.3 տոկոսից ավելանում է՝ դառնալով 0.13, ինչը նվազեցնում է իրենց եկամուտը։
«Եթե տարրական հաշվարկ կատարենք, կտեսնենք՝ մեր ամսական ծախսերը 12 մլն դրամ են, դրան էլ գումարենք ավելացող 6 մլն հարկը, կդառնա 18 մլն, մեր պորտֆելն էլ 20 մլն է ու մեր աշխատելը իմաստ չի ունենա։ Մենք աշխատում ենք 10 տարի ու քանի որ մեր ընտանեկան բիզնեսն է, չենք ուզում փակվի, բայց առաջարկվող օրենքով կփակվի, չի կարող աշխատել», - ասաց Աշոտ Մխեյանը։
Փոխանակման կետերի շահերի պաշտպանությամբ զբաղվող Արժույթային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանը տեղեկացրեց, որ պետտուրքի՝ 60 անգամ բարձրանալու հետևանքով փոխանակման կետերը չեն կարող համարժեք մրցակցել բանկերի հետ։
«Նույն բանկի մասնաճյուղը, որն ունի մի քանի գործառույթ, որոնցից եկամուտներ է ստանում, նոր նախագծով որպես պետական տուրքը վճարելու է տարեկան 350 հազար դրամ, իսկ փոխանակման կետը, որը կարող է նույն բանկի մասնաճյուղի կողքը աշխատի և կատարի մեկ գործառույթ, պետք է վճարի տարեկան 3 մլն դրամ։ Մենք կարծում ենք, որ սա ոչ համաչափ է։ Միգուցե հնարավոր է, երկխոսության արդյունքում ելքեր գտնենք, բայց մինչ օրս կառավարությունը, Կենտրոնական բանկը երկխոսության եզրեր չեն գտել», - ներկայացրեց Խաչատրյանը։
Ներկայումս Հայաստանի տարածքում գործում է 231 փոխանակման կետ և Խաչատրյանի խոսքով, պետական տուրքի 60 անգամ բարձրանալու դեպքում 80 տոկոսը կփակվի։
Նա նաև շեշտեց, որ վերջին տասը տարվա ընթացքում փոխանակման կետերի շահութաբերությունը 2.2 անգամ նվազել է, ինչի պատճառն այն է, որ ըստ Կենտրոնական բանկի դիրքորոշման, դրանք պետք է սպասարկեն փոքրածավալ գործարքներ՝ 100-200 դոլար։