20/03/2019 15:45
Գերմանիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ պատվիրակությունը քննարկել է վիզաների ազատականացմանը վերաբերող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը մարտի 18-21-ը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում, մարտի 20-ի առավոտյան հանդիպում է ունեցել Միջազգային քաղաքականության և անվտանգության հիմնադրամի (SWP) տնօրեն Ֆոլքեր Փերթեսի ու Արևելյան Եվրոպա և Եվրասիա գիտահետազոտական խումբը ներկայացնող փորձագետների հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Այս գիտահետազոտական կենտրոնը հանդիսանում է Գերմանիայի անկախ հետազոտական ինստիտուտ, որը խորհրդատվություն է տրամադրում Բունդեսթագին և Գերմանիայի դաշնային կառավարությանը` արտաքին ու անվտանգության քաղաքականության վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրված զարգացումներն ու ուրվագծվող առաջնահերթությունները:
Հանդիպման ընթացքում ԱԺ պատվիրակության անդամները և փորձագետները քննարկել են ՀՀ արտաքին քաղաքականությանը, տնտեսական բարեփոխումներին, տարածաշրջանային անվտանգությանը, վիզաների ազատականացմանը վերաբերող հարցեր: