20/03/2019 10:44
Չեխիայի նախագահը Թուրքիային մեղադրել է ԻՊ-ի հետ դաշնակցության համար
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Թուրքիային մեղադրել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման հետ դաշնակցելու համար:
«Ինչո՞ւ են հարձակվում քրդերի վրա: Որովհետև փաստացի «Իսլամական պետության» դաշնակիցներն են»,- ասել է Զեմանը Կառլովի Վարի երկրամասի Վինտիրժով գյուղի բնակիչների առջև ելույթ ունենալիս պատասխանելով ունկնդիրներից մեկի հարցին:
Նրա խոսքով՝ «տեղեկություն կա այն մասին, որ երբ ԻՊ-ը օկուպացրել էր ինչպես Սիրիայի, այնպես էլ Իրաքի զգալի հատվածը, ԻՊ-ին մատակարարելիս որոշ լոգիստիկ գործողություններում միջնորդը եղել է հենց Թուրքիան»:
«Կոնկրետ նավթ մատակարարելիս և այլն»,- հավելել է Զեմանը:
Նրա կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը «ավելի շուտ խաղադրույք էր կատարել Թուրքիայի իսլամացման վրա»:
«Սա արդեն ավելի շուտ պետություն է, որը իսլամական գաղափարախոսություն է դավանում: Եվ սրանից տրամաբանորեն հետևում է, որ այն մոտ է իսլամական արմատականներին, իսկ սրանից էլ տրամաբանորեն հետեւում է, որ, հակառակը, հարձակվում է քրդերի վրա»,- ասել է չեխ նախագահը: