20/03/2019 11:53
Չի լինելու քաղաքական հաշվեհարդար, քաղաքացիներին պետք է հիասթափեցնեմ. Նախարար
Մեր քաղաքացիներին խնդրում եմ ակնկալիք չունենալ, որ իշխանությունները պետք է իրենց իրավասություններից դուրս քայլեր կատարեն, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ՝ անդրադառնալով վերջին օրերին մի քանի համայնքներում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, որտեղ բնակիչները պահանջում են համայնքի ղեկավարների հրաժարականը։
«Տեղական հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարելուց հետո մեր քաղաքացիներին հնարավորություն կընձեռենք իրենց վերաբերմունքը հայտնել իրենց համայնքապետի նկատմամբ, այն է՝ այդ համայնքապետը պետք է արդյոք պաշտոնավարի, թե ոչ։ Մենք դրա համար օրենսդրական մեխանիզմ ենք ստեղծում», - ասաց նախարարը։
Նա նշեց՝ ՀՀ բոլոր քաղաքացիները պաշտպանված են օրենքով՝ անկախ կուսակցական պատկանելությունից և անկախ նրանից, թե երբ են պաշտոնավարել։
«Չի լինելու քաղաքական հաշվեհարդար։ Եթե այդ ընթացքում նաև մեզ են փնովում և ակնկալում, որ կենտրոնական իշխանությունները պետք է օգտագործեն գործիքներ, որոնց իրավունքը չունեն, պետք է հիասթափեցնեմ», - ասաց Սուրեն Պապիկյանը։