20/03/2019 16:10
Տպավորություն կա, որ մի քիչ լուրջ չեք վերաբերվել սրան. Մխիթար Հայրապետյանին չգոհացրեց Մշակույթի նախարարության աշխատանքների մասին զեկույցը
ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այսօր նիստի ժամանակ դժգոհ մնաց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի ներկայացրած՝ ոլորտի նախորդ տարվա աշխատանքների արդյունքների զեկույցից:
Հայրապետյանը զեկույցը գեղարվեստական ու պոպուլիստական որակեց՝ նշելով. «Եթե անկեղծ լինեմ, ինձ մոտ մշակույթի հատվածից տպավորություն կա, որ մի քիչ լուրջ չեք վերաբերվել դրան: Մենք խոսում ենք կառավարության կատարողականի հաշվետվության մասին, ու ասում եք՝ կառավարության հետևողական քաղաքականության շնորհիվ այլևս բացառվում են պատմամշակութային հուշարձաններ քանդելու դեպքերը: Ես ուզում եմ հարցնել՝ արդյոք համաձայն չեք, որ սա չի համապատասխանում ֆորմատին: Ես ուրախ կլինեի, եթե շուտ գայիք ու լսեիք Սպորտի նախարարի զեկույցը, որովհետև այն լիուլի համապատասխանում է իր ձևաչափով: Արդյոք նպատակահարմար եք գտնում այսօրինակ հայտարարություններ անել տեքստի մեջ և ներկայացնել որպես զեկույց պառլամենտին»:
Հայրապետյանին չէր գոհացրել նաև այն, որ զեկույցում նշվել է 2018-ին ռեկորդային թվով գրքերի վաճառքի ու թանգարաններ այցելելու մասին:
«Եթե իսկապես այս ռեկորդային թվով գիրքը մշակույթի նախարության կոնկրետ քաղաքականության արդյունքում է վաճառվել, պետք է խնդրեմ կոնկրետ մանրամասնել, թե ինչ քաղաքականության միջոցով եք շատացրել», - ասաց Հայրապետյանը:
Ի պատասխան՝ Ղարիբյանը նկատեց, որ մասամբ համաձայն է դիտարկումների հետ ու գուցե որոշ կետեր այդտեղ չպետք է տեղ գտնեին:
«Միանգամայն ընդունում եմ քննադատությունը: Պետք է ասեմ, որ սա մենակս չեմ գրել, ու սա տեքստ է, որը մշակվել է ոչ միայն նախարարության աշխատողների, այլև կառավարության անդամների հետ: Մշակվել են ու դեբատներ են եղել՝ ինչ գրել, ինչ ոչ: Ինչ վերաբերում է թանգարանների այցին, ապա այս ցուցանիշը մշակույթի նախարարության ունեցած թանգարաններին է վերաբերում ու այս ցուցանիշը դրեցինք, որովհետև այն աբոենեմենտային ծրագրի ներդրման հետ է կապված։ Դրա շնորհիվ է, որ այցերը կտրուկ բարձրացել են», - ասաց Ղարիբյանը: