20/03/2019 14:24
Ուսանողների պրակտիկ պարապմունքները շատ դեպքերում ձևական բնույթ են կրում. փորձագետ
Իհարկե, լավ գաղափար է, եթե Հայաստանում դուալ կրթության համակարգ ներդրվի, և բուհերի ուսանողներն ուսումնառության գործընթացի մի մասն անցկացնեն գործատուի մոտ, Aysor.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն՝ անդրադառնալով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ իր ղեկավարած գերատեսչությունը պատրաստվում է բարձրագույն կրթության ոլորտում ներդնել միջին մասնագիտականում արդեն փորձարկված դուալ կրթության համակարգը:
«Պրակտիկան կրթության կարևոր բաղադրիչներից է, բայց այստեղ, իհարկե, առկա են բազմաթիվ հարցեր։ Բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունների միջև որոշակի տարբերություն կա։ Միջին մասնագիտականի դեպքում մենք ուսանողին պատրաստում ենք պրակտիկ աշխատանքի, և շատ կարևոր է, որ նա միանգամից ժամանակի կեսն անցկացնի արտադրական վայրերում։ Սակայն բարձրագույն կրթության դեպքում մենք պետք է մի փոքր այլ մոտեցում ունենանք, որովհետև շատ կարևոր է նաև ֆունդամենտալ գիտելիքը։ Այսինքն՝ մենք չպետք է շատ արժեզրկենք տեսական գիտելիքը։ Սա մյուս ծայրահեղությունն է», - ասաց Սերոբ Խաչատրյանը։
Կրթության փորձագետի խոսքով՝ ծայրահեղությունների մեջ չընկնելու համար ամեն ինչ պետք է չափի մեջ և լավ մտածված արվի։
«Գործատուները ևս ինչ-որ առումով պետք է պատրաստ լինեն, որովհետև այնպես չէ, որ այսօր ուսանողները պրակտիկա չեն անցնում։ Նրանք այսօր էլ են գնում պրակտիկայի, բայց շատ դեպքերում պրակտիկան ձևական բնույթ է կրում։ Շատ տեղերում պրակտիկանտներին ասում են՝ դուք մի եկեք, վերջում թուղթը կբերեք, կստորագրենք։ Հաճախ այն հիմնարկը, ուր ուսանողները գնում են, աշխատակիցները չեն կարողանում ըստ պատշաճի ժամանակ տրամադրել սովորողներին։
Շատ հաճախ այդ հիմնարկներին վճարվող գումարները բավարար չեն, որ պրակտիկայի նպատակով հատուկ մասնագետ պահվի։ Կարծում եմ՝ ներդրումներ են անհրաժեշտ։ Եթե գործատուին ինչ-որ կերպ աջակցություն ցուցաբերվի, որպեսզի նա կարողանա հատուկ պրակտիկայի համար մասնագետ պահել, դա բոլորովին այլ հարց է», - ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ ասել էր, որ իրենք պատրաստվում են բարձրագույն կրթության ոլորտում ներդնել միջին մասնագիտականում արդեն փորձարկված դուալ կրթության համակարգը: Բուհերի ուսանողներն ուսումնառության ընթացքում հնարավորություն կունենան իրենց ընտրած ոլորտում հմտանալ` գործատուների մոտ պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելով:
«Շատերն են բողոքում, որ ավարտելուց հետո աշխատանքի ընդունվելիս պահանջում են աշխատանքային փորձ: Հաճախ այս աշխատանքային փորձի բացակայությունը հանգեցնում է նրան, որ տևական ժամանակ մեր շրջանավարտները չեն կարողանում աշխատանք գտնել: Հիմա այս համագործակցությամբ և պրակտիկաների ինստիտուտի խորացմամբ պետք է այդ հնարավորությունը ստեղծենք, որ ուսումնառության գործընթացում տվյալ մասնագիտությունը ստացող ուսանողը հնարավորություն ունենա հմտանալու այդ ոլորտում պրակտիկայի միջոցով», - նշել էր նախարարը: