21/03/2019 14:25
Google-ը թողարկել է արհեստական ինտելեկտի հիմքի վրա առաջին դուդլը
Google ընկերությունը որոնման համակարգի մեկնարկային էջին տեղադրել է ինտերակտիվ դուդլ (լոգոտիպ, որ ոճավորված է որևէ տոնի կամ իրադարձության պատվին)՝ նվիրված կոմպոզիտոր Յոհան Սեբստյան Բախի ծննդյան տարեդարձին: Սա արհեստական ինտելեկտի հիմքի վրա ստեղծված առաջին դուդլն է:
«Դուդլն օգտատերերին թույլ կտա իրենց կոմպոզիտոր զգալ և մեղեդի ստեղծել մեքենայական ուսուցման տեխնոլոգիայի միջոցով: Արհեստական ինտելեկտը մեկ հպումով նոտաների հավաքածուն կվերածի իսկական ստեղծագործության՝ Բախի երաժշտական ոճով», - նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
Մշակողներն օգտագործել են կոմպոզիտորի օրհներգերը՝ բացակայող նոտաներով և արհեստական ինտելեկտին խնդրել դրանք վերականգնել:
Նշվում է, որ օգտատերերը կկարողանան երաժշտական ստեղծագործություններ ստեղծել և այն համացանցում տարածել երկու օր (մարտի 21-ին և 22-ին):