21/03/2019 13:47
Կոնկրետ օրը ֆիքսելու անհրաժեշտություն չենք տեսնում. Արայիկ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը Քաղաքացու օր չամրագրելու մասին
Սա երկրորդ ամենահիշարժան օրն է մեր նորանկախ պետության պատմության ընթացքում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում կայացրած որոշմանը՝ ապրիլի 27-ը հռչակել Քաղաքացու օր:
«Մենք դա արձանագրում ենք, բայց միևնույն ժամանակ կոնկրետ օրը չենք ֆիքսում, կոնկրետ օրը ֆիքսելու անհրաժեշտություն, եթե հաջորդ կառավարությունները կցանկանան, կֆիքսեն», - ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ հենց այդ օրն ընտրվեց քաղաքացու օր՝ հաշվի առնելով մամուլի այն հրապարակումները, որ կար ցանկություն ապրիլի 23-ը նշել որպես քաղաքացու օր, քանի որ դա Սերժ Սարգսյանի հրաժարականի օրն էր, Հարությունյանն ասաց, որ ընտրված ժամանակացույցով այդ օրը չի համընկնում Սերժ Սարգսյանի հրաժարականի օրվան:
«Այդ օրն ընտրվեց, որպեսզի լինի նաև հանգստյան օր և լրացուցիչ հանգստյան օր չունենանք, քանի որ ապրիլ-մայիսին էին տեղի ունեցել հիմնական իրադարձությունները դրա համար որոշեցինք այդ օրերին նշել», - ասաց նա:
Դիտարկմանն արդյոք Սերժ Սարգսյանի հրաժարականը դիտարկվում է, որպես տոն՝ Հարությունյանն ասաց. «Կարծում եմ, որ ամենամեծ մասսայական միջոցները եղել են ապրիլի 23-ին ու նաև մայիսի 2-ին»: