21/03/2019 11:29
Ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանում կնշվի Քաղաքացու օրը
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ նախաձեռնությունը:
Ըստ դրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:
Ըստ հիմնավորման, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով:
«Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին: Տեղի ունեցող ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին:Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը», - ասված է հիմնավորման մեջ:
Նշվում է նաև, որ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել օրենքում՝ ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում նախորդ 20 տարիների ընթացքում իշխանության ներկայացուցիչների անցած, քաղաքականապես ավարտված ուղու և համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ սահմանելով ՀՀ քաղաքացու օր:
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից: