21/03/2019 13:30
Ինձ համար բացահայտում էր, որ բացի իր նեղ «կռուգից», Նիկոլ Փաշինյանը նաև կարդում է որոշ վերլուծաբանների. Քաղտեխնոլոգ (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսից քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նոր «մեսիջներ» չի լսել, այդ մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը։
«Ինձ համար բացահայտում էր, որ բացի իր նեղ «կռուգից», Նիկոլ Փաշինյանը նաև կարդում է որոշ վերլուծաբանների, և այդտեղից հետևություններ է անում։ Ասում է, թե ոչ մի ոլորտում, բացի մի ոլորտից, ձախողումներ չեն եղել։ Ես կառավարության ղեկավարից չեմ սպասում, որ լսեմ, թե որտեղ է ձախողում եղել, որտեղ՝ ոչ։ Կառավարության ղեկավարից ես ուզում եմ լսել, թե որտեղ է ձեռքբերում եղել», - ասաց Կարեն Քոչարյանը։
Անդրադառնալով վարչապետի 4.5 ժամանոց ասուլիսին լրատվամիջոցների կողմից հնչեցրած հարցերին՝ քաղտեխնոլոգն ասաց, թե օրինակ, լավ կլիներ, եթե ավելի կարևոր հարցեր տրվեին, քան այն, թե ինչու է կինն ուղեկցում ամուսնուն։
«Կառավարության ղեկավարն Իրանի նման երկրում հայտարարում է բազմաթիվ օտարերկրյա գործակալների մասին և մինչև այսօր որևէ լրագրող չի հարցրել, թե դու դա ասել ես որպես խմբագիր՝ օդում կախված լուր, թե որպես երկրի ղեկավար, որը գիտի, որ վխտում են օտարերկրյա գործակալները և դրան ոչ մի իրավական գործողություն չի հետևում», - նկատեց Քոչարյանը։