21/03/2019 14:44
Ամերիկահայ համայնքը պետք է ակտիվ աշխատի՝ Թրամփից կորզելու Ցեղասպանության ճանաչման խոստումը. քաղաքագետ
ԱՄՆ-ի 49-րդ նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը դեռևս չի կարող իրավական հիմք հանդիսանալ հարցի՝ ֆեդերալ իշխանության մակարդակով ճանաչման համար, Aysor.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն՝ անդրադառնալով 50 նահանգներից նախավերջինի՝ Ալաբամա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքին։
«Ինչպես հայտնի է, Միացյալ նահանգներում կան նահանգային և ֆեդերալ իշխանություններ։ Հայ ժողովրդի և ԱՄՆ-ում բնակվող հայ համայնքի գերնպատակն է Ցեղասպանության՝ ֆեդերալ մակարդակով ճանաչումը, որպեսզի Հայոց ցեղասպանությունը, որպես ճանաչված երևույթ, մտնի Միացյալ նահանգների արտաքին քաղաքական օրակարգ, և 1915 թվականի իրադարձություններին հստակ իրավական ու քաղաքական գնահատական՝ ԱՄՆ նախագահի և գործադիր իշխանության կողմից որակվելով որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն», - ասաց մեր զրուցակիցը։
Սուրեն Սարգսյանի խոսքով՝ սա այն նպատակն է, որին այսօր փորձում է հասնել ամերիկահայ համայնքը։ Քաղաքագետը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին տարիներ առաջ խոսել է ԱՄՆ միայն մի նախագահը՝ Ռոնալդ Ռեյգանը, նրանից զատ՝ ԱՄՆ որևէ այլ առաջնորդ «ցեղասպանություն» բառը չի արտասանել թե՛ պաշտոնավարման տարիներին, թե՛ պաշտոնաթող լինելուց հետո։
«Հայ համայնքը որոշել է գնալ այլ ճանապարհով, այնպես անել, որ ԱՄՆ բոլոր նահանգները ճանաչեն Ցեղասպանությունը, ինչը բարոյական առումով որոշակի լծակ է, որպեսզի հայ համայնքը կարողանա ֆեդերալ իշխանությանը ցույց տալ, որ բոլոր նահանգները և ամերիկացի ժողովուրդը ճանաչում են Հայոց ցեղասպանությունը», - նշեց քաղաքագետը։
Հարցին՝ որքա՞ն ռեալ է գնահատում մոտ ապագայում ԱՄՆ ֆեդերալ իշխանության կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականությունը, Սուրեն Սարգսյանը պատասխանեց՝ Միացյալ նահանգների գործող կառավարությունը չափազանց պրագմատիկ է և առաջնորդվում է բացառապես սեփական երկրի շահով։
«ԱՄՆ-ն առաջինն իր շահերն է դնում սեղանին։ Թուրքիան Միացյալ նահանգների համար ռազմավարական դաշնակից է՝ որքան էլ այսօր երկու երկրների հարաբերությունները բարիդրացիական չեն։ Թուրքիան, միևնույն է, շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ և տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական ռազմավարական դաշնակիցը։ Չեմ կարծում, որ Միացյալ նահանգները կձեռնարկի քայլեր որոնք կվնասեն Թուրքիային։
Այս առումով քիչ կանխատեսելի է, որ ԱՄՆ-ն նման քայլի կդմի, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով այն, որ Դոնալդ Թրամփը մի փոքր այլ մոտեցում ունի քաղաքական խնդիրներին՝ չեմ բացառում, որ նախընտրական խոստում տալուց հետո՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկապես կկատարի իր խոստումը։ Հայ համայնքն իր հերթին պետք է ճիշտ կողմնորոշվի և ակտիվ աշխատի՝ ԱՄՆ նախագահից կորզելու այդ խոստումը», - ամփոփեց մեր զրուցակիցը։