21/03/2019 14:57
Արդարության զգացողություն ունեմ. Արամ Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանի նկատմամբ վարույթ հարուցելու մասին
Արդարության զգացողություն ունեմ, համոզված էինք, որ ամեն ինչ արդար ձևով կլիներ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն՝ անդրադառնալով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տարածած հայտարարությանը, որի համաձայն Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնը։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Սանասարյանի այն հայտարարությունը, որ մեղադրանքը չի ընդունում և պատրաստվում է դատական կարգով վիճարկել այն, ԵՊՀ ռեկտորը գերադասեց ոչինչ չասել՝ նշելով միայն, որ իր փաստաբանները խորհուրդ են տվել թեմայի շուրջ մեկնաբանություններով հանդես չգալ։
«Հիմա քննական պրոցես է գնում, ես չեմ կարող ոչինչ ասել։ Երբ քննական պրոցեսը կաբվարտվի, դրանից հետո... Հիմա ոչ մի մեկնաբանություն», - ասաց Արամ Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա այս տարվա փետրվարի 26-ին որոշում էր կայացրել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցելու մասին:
Պետական Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա իր նկատմամբ հարուցած վարույթը կարճելու համար։
Արամ Սիմոնյանն իր դիմումում նշել էր, որ Սանասարյանը ԵՊՀ-ում բացահայտված չարաշահումների մասին հայտարարել էր մինչև ուսումնասիրության արդյունքներն օրենքով սահմանված կարգով ամփոփելը։