21/03/2019 13:42
Դադարեցրեք քննարկումը, կգնաք ու կիրականացնեք այն, ինչ ասվեց. Վարչապետը՝ Նարեկ Բաբայանին
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքը «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելուն հավանություն տալու մասին որոշման նախագիծը։
«Այստեղ վարձակալի պարտավորությունները շատ հստակ գրված են, չէ՞, այսինքն պետք է կինոգործունեություն ծավալվի, չի կարող տարածքը որևէ այլ նպատակով օգտագործվի», - ասաց ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե մենք ասում ենք մինչև հինգ տարվա ընթացքում պետք է կատարի ներդրում, ենթադրենք, չորս տարի յոթ ամիս որևէ ներդրում չկատարելը նշանակում է, որ ինքը պայմանագիրը չի խախտել։ Կարծում եմ՝ եթե ներդրման մտադրությունը լուրջ է, որևէ խնդիր չկա», -ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, թե կարծում է, որ «Հայֆիլմ»-ի շահերից է բխում, որ տարածքները բարեկարգվեն։
«Պայմանագիրը կցված չէ որոշմանը, քանի որ կարիքը չկար և, անկեղծ ասած, այս որոշման կարիքն էլ չկար», - ասաց Ավինյանը։
«Եթե կարիքը չկար ինչո՞ւ եք բերել նիստ», - արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որպեզի նմանատիպ նախաձեռնողականությունը խրախուսելի լինի», - ասաց Ավինյանը։
Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն էլ ասաց, թե այս նախագիծը պնդել են, որ ներկայացվի, քանի որ «Հայֆիլմ» ՓԲԸ-ն մասնավորեցման ցանկում է գտնվում։
«Ուղղակի նպատակահարմար գտանք, որ կառավարությոնը քննարկի», - ասաց նա և ցանկանում էր շարունակել խոսքը, սակայն վարչապետը թույլ չտվեց։
«Պարոն Բաբայան, կներեք էի, ինչ որ ասվեց պարզ էր, չէ՞, դադարեցրեք քննարկումը, կգնանք ու կիրականացնեք այն, ինչ ասվեց», -ասաց ՀՀ վարչապետը։