21/03/2019 10:54
Մեր ուղղաթիռներն օդում բժշկական միջամտությունների համար նախատեսված չեն. «Արմենիան հելիքոփթերս»-ի տնօրեն (Տեսանյութ)
«Արմենիան հելիքոփթերս» ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը հավաստիացնում է՝ իրենց ուղղաթիռները հայաստանյան երկինք կբարձրանան արդեն հաջորդ ամսվա կեսերին։ Հենց այդ ժամանակ կտրվի ընկերության գործունեության պաշտոնական մեկնարկը։
«Նախ ուզում եմ ասել, որ «Արմենիան հելիքոփթերս» ընկերությունը Հայաստանի պատմության մեջ միակ ընկերությունն է, որը իրավունք է ստացել քաղաքացիական ուղղաթիռներ շահագործել։ Մենք ստեղծվել և գրանցվել ենք որպես ավիաընկերություն, The International Civil Aviation Organization՝ ICAO-ից ստացել ենք մեր միջազգային կոդը, ինչը հնարավորություն է ընձեռում միջազգային քաղաքացիական ավիացիայի կանոններին համապատասխան՝ ուղղաթիռներով ուղևորներ փոխադրել։ Միաժամանակ, մենք միակ ընկերությունն ենք, որին իրավունք է վերապահված ուղղաթիռների տեխնիկական սպասարկում և թռիչքային գործունեության պիտանիության պահպանման աշխատանքներ իրականացնել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Մանուկյանը։
Նրա խոսքով, «Արմենիան հելիքոփթերս» ընկերությունն ունի 3 ուղղաթիռ, որոնցից 2-ը՝ «Airbus» ընկերության թեթև դասի, մեկ շարժիչանի ուղղաթիռներ են, մյուսն՝ ամերիկյան արտադրության «Robinson R66»-ն է։ 4-րդ ուղղաթիռը ևս ձեռք է բերվել, սակայն առայժմ ընկերության կողմից Հայաստան չի ներկրվել։ Սպասվում է, որ ուղղաթիռը Հայաստանում կլինի առաջիկայում։
«Ուղղաթիռները ներկրելիս կառավարության կողմից աջակցություն ենք ստացել, արտոնություն ենք ստացել մաքսատուրքերը չվճարելու տեսքով։ Սա կարևոր քայլ է տվյալ ոլորտին աջակցելու», - ասաց Արսեն Մանուկյանը։
«Արմենիան հելիքոփթերս» ընկերության տնօրենից հետաքրքրվեցինք՝ ուղղաթիռներից քանի՞սն են նախատեսում շահագործել սանավիացիայի նպատակով՝ պացիենտներին այս կամ այն բժշկական կենտրոն տեղափոխելու համար։
Արսեն Մանուկյանն ի պատասխան նկատեց, որ այդ նպատակով առանձնացվել է 2 ուղղաթիռ։
«Երկու «Airbus» ուղղաթիռները նույն դասի են և մեկը մյուսին փոխարինելու հնարավորութուն ունի։ Սա մեզ հնարավորություն է ընձեռում, որպեսզի բժշկական շտապօգնության ծառայությունը հնարավորինս օպերատիվ տրամադրենք և միաժամանակ կարողանանք ուղևորների սպասարկել, այսինքն՝ մեր գործունեությունն անընդհատ լինի։ Կարևորությունը հենց նրանում է կայանում, որ միևնույն ուղղաթիռը հնարավորություն ունենա սպասարկել մի քանի նպատակներ։ Մենք մեր գործընկերների առջև պարտավորություն ենք ստանձնել, որ մշտապես մեկ ուղղաթիռ ունենալու ենք պատրաստ կանգնած՝ սպասարկելու ցանկացած առողջապահական կանչ», - ասաց նա։
Մանուկյանից նաև հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն է սանավիացիայի նպատակով առանձնացված ուղղաթիռների տեխնիկական հագեցվածության մակարդակը, արդյոք առաջին օգնության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներն առկա են ուղղաթիռներում։
Ընկերության տնօրենը նշեց, որ բժշկական ծառայությունների մատուցման տեսանկյունից ավիափոխադրումների երկու մակարդակներ են տարբերակվում։
«Մեկը նեղ մասնագիտական, պրոֆեսիոնալ ավիափոխադրումն է, որը ենթադրում է որոշակի բժշկական մասնագիտական միջամտության իրականացում՝ օդում։ Մեր ուղղաթիռներն այդպիսի ծառայության համար նախատեսված չեն։ Մենք իրականացնում ենք որոշակի ստատիկ վիճակում գտնվող հիվանդի տեղափոխություն, որն իրականացվում է համապատասխան պատգարակով և նվազագույն բժշկական սարքավորումների առկայությամբ։ Ավելի նեղ մասնագիտական ծառայությունը մի քանի անգամ թանկ արժե, և միանգամից սկսել նման ծառայության մատուցել, ոչ մեր երկիրն է պատրաստ, ոչ մենք», - ասաց Արսեն Մանուկյանը՝ հավելելով, որ հիվանդին տեղափոխելու ծառայության դիմաց սակագների մասով առողջապահության նախարարության հետ վերջնական պայմանավորվածություններ առայժմ չկան։
«Այն դեպքերը, որոնք կյանքին անմիջական վտանգ են սպառնում և հրատապ են, այդ պարագայում թռիչքը կիրականացվի պետպատվերի շրջանակներում, իսկ մյուս դեպքերում ցանկացած քաղաքացի կարող է վճարում կատարել առողջապահական մարմնում և պատվիրել մեր ծառայությունը», - նշեց ընկերության տնօրենը։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան: «Armenian Helicopters LLC-ն Էյրբաս ընկերությունից ընդունել է այս ուղղաթիռը, որով մենք պատրաստվում ենք ներդնել սանիտարական ավիացիայի ծառայություններ Հայաստանում։ Զարգացումների մասին հավելյալ կհայտնեմ մոտ ժամանակներս», - գրել էր նախարարը:
Aysor.am-ի հետ զրույցում «Արմենիան հելիքոփթերս» ընկերությունը տնօրեն Արսեն Մանուկյանը պատմել է նաև գործունեության հիմնական ուղղությունների մասին, մասնավորապես չարտերային ավիափոխադրումների, զբոսաշրջային թռիչքների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: