22/03/2019 13:11
Սիրուն է հնչում՝ Քաղաքացու օր. դպրոցում ևս կկարևորենք այդ օրը. Անահիտ Բախշյան
Տարվա 365 օրն էլ պիտի լինի միայն քաղաքացու օր, բայց գաղափարը լավ գաղափար է, ողջունում եմ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանն՝ անդրադառնալով ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հռչակելու մասին կառավարության որոշմանը:
«Սիրուն է հնչում՝ Քաղաքացու օր», - ասաց Բախշյանը:
Նա ընդգծեց, որ այդ օրվա միջոցառումներից զերծ չեն մնա դպրոցները:
«Որպես դպրոցի մարդ, ավագ դպրոցում աշխատող անձ՝ կարող եմ ասել, որ Քաղաքացու օրը դպրոցում շատ-շատ կկարևորենք, և մեր նորատեղծ աշակերտական հանրապետության հռչակումը երևի հենց այդ օրը կկազմակերպենք, իսկ թե դա ինչ է՝ փակագծերը չեմ բացի, անակնկալ կլինի «Հերացի» ավագ դպրոցում», - ընդգծեց Բաշխյանը:
Նա վստահություն հայտնեց, որ Փաշինյանի առաջարկով օրը նշելու տարբերակների վերաբերյալ հանրային և համացանցային քննարկումների արդյունքում բազմաթիվ տարբերակներ կգտնվեն, թե ինչպես կարելի է օրը լավագույնս նշել: Միևնույն ժամանակ Բախշյանը նկատեց, որ այդ օրը յուրաքանչյուր քաղաքացի պիտի հասկանա, թե ինչպես ավելի արժանապատիվ ապրի:
«Կարծում եմ՝ այդ օրը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պիտի սևեռվի ինքն իր վրա, տոնը պիտի լինի իր հոգում, իր սրտում, և այդ օրը ինքը պիտի որոշում կայացնի իր համար որպես քաղաքացի ավելի արժանապատիվ ապրել: Յուրաքանչյուր քաղաքացի պիտի մտածի՝ որտեղ և ինչպես է իրեն տեսնում այն պետության մեջ, որտեղ բոլորն իրենց քաղաքացի են զգում, կարևորում են իրենց ասելիքը, անելիքը, ինչպես են իրենք իրենց որպես քաղաքացի արժևորում», - հավելեց նա: