22/03/2019 15:29
Մեկ օրով սահմանափակվելը ճիշտ չէ. քաղաքացու օրը պիտի լինի յուրաքանչյուր օր. Սրբուհի Գրիգորյան
Չեմ կարծում, որ մեկ օրով սահմանափակվելը ճիշտ է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն՝ անդրադառնալով ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր նշելու մասին կառավարության որոշմանը:
«Մեզ տարիներ շարունակ ասել են «ժողովուրդ», և մենք սովորել ենք լինել ժողովուրդ: Դա նրանից է, որ ֆորսմաժորային իրավիճակներում միշտ կարողանում ենք համախմբվել, դա լավ է, բայց բոլորս պետք է սովորենք լինել ՀՀ քաղաքացի և քաղաքացու օր պիտի լինի յուրաքանչյուր օրը, և յուրաքանչյուր քաղաքացի պիտի աշխատի պաշտպանել իր իրավունքը, կողքինի իրավունքը և քայլեր անի, որպեսզի զարգացնի մեր երկիրը: Չեմ կարծում, որ մեկ օրով սահմանափակվելը ճիշտ է», - ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարակին՝ հանրային և համացանցային քննարկում անել Քաղաքացու օրը նշելու տարբերակներ ընտրելու համար, պատգամավորը նշեց, որ ինքն անձամբ չունի տեսլական ինչպես նշել այդ օրը:
Դիտարկմանը, թե կառավարությունը նման որոշում ընդունեց և առանձնացրեց այդ օրը՝ այն կապելով երկրում տեղի ունեցած հեղափոխության հետ՝ Գրիգորյանը նկատեց.
«Հեղափոխությունը շատ լավ էր, որ եղավ, անցավ, բայց մենք հիմա լիքը անելիքներ ունենք: Ես տարբեր նամակներ եմ ստանում, ու հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ քաղաքացի չեն, մարդիկ չգիտեն իրենց իրավունքները», - ասաց պատգամավորը:
Հիշեցնենք՝ երեկ կառավարության նիստում որոշում կայացվեց ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում առաջարկեց հանրային քննարկում անցկացնել օրը նշելու տարբերակների վերաբերյալ: