22/03/2019 12:12
Ունենք պատշաճ քանակությամբ և՛ ոռոգման, և՛ խմելու ջուր, խնդիրը կառավարման մեջ է. Ջրաբան
Հայաստանում ջրային պաշարները նորմալ վիճակում են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում գնահատելով Հայաստանում ջրային պաշարների վիճակը՝ ասաց ջրաբան, բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը։
«Այս բնակչությամբ այս տարածաշրջանում մենք ունենք պատշաճ քանակությամբ և՛ ոռոգման ջուր, և՛ խմելու ջուր։ Ունենք վատ կառավարման խնդիր։ Մենք չենք տնօրինում մեր ունեցած պաշարները։ Դա կուտակելն է, ցանցը սարքին պահելն է։ Գիտենք, որ ոռոգման համակարգը լրիվ քայքայված է, ջուրը չի հասնում տեղ, Սևանից բացթողումներ են արվում, բայց այդ ջրի ընդամենը 30 տոկոսն է տեղ հասնում, 70 տոկոսը կորչում է», - ասաց ջրաբանը։
Քնարիկ Հովհաննիսյանը նշեց՝ խնդիրը կառավարման մեջ է, մասնագիտական մոտեցում չկա:
«Կառավարությունը, ղեկավարները միշտ հայտարարում են, թե գումար չունեն։ Բայց գումար չունենալը չի նշանակում, թե աղքատ ես։ Ջրամբարները կարելի է ժամանակին վերանորոգել, տարիներ շարունակ չվերանորոգված խոռոչները փակել, որպեսզի ջրի կորուստ չունենանք», - եզրափակեց խոսքը նա:
Այս տարի, արդեն 26-րդ անգամ, միջազգային հանրությունը նշում է Ջրի համաշխարհային օրը: Այն սահմանվել է ՄԱԿ-ի որոշմամբ 1993թվականին։