22/03/2019 13:09
Ռոդնինայի անվան Երևանի գեղասահքի դպրոցը կանվանափոխվի
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը խոսեց փետվարի 26-ին Բաքվում կայացած երթից։
«Ի շարս ռուս խորհրդարանականների, Ադրբեջանին այս անգամ հաջողվել էր Բաքու տանել Ռուսաստանի Պետդումայի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Իրինա Ռոդնինային», - ասաց նա։
Ա.Խաչատրյանն ընդգծեց՝ Երևանի ավագանու անդամներից ոչ մեկը չի կարող աննկատ թողնել սա։
«2015-ից Երևանում գործում է Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց, վերջին շաբաթների ընթացքում «Լույս» խմբակցությունով սերտորեն ներգրավված ենք եղել դպրոցը վերանվանելու շուրջ բանակություններում, որից հետո որոշեցինք, որ դպրոցը անվանենք Հայ-ռուսական գեղասահքի դպրոց», - ասաց «Լույս» խմբակցության անդամը։
Նա ավագանու մյուս երկու խմբակցություններին առաջարկեց միանալ իրենց։
Խմբակցությունների ղեկավարները նշեցին, որ միանում են նախաձեռնությանը։ Հարցը ավագանու հաջորդ նիստում կքննարկվի։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Բաքվում ռուս պատգամավորները մասնակցել են Խոջալու քաղաքում զոհվածների հիշատակին նվիրված հակահայկական երթին: Երթին մասնակցել է նաև ՌԴ Պետդումայի միջազգային կապերի հանձնաժողովի փոխնախագահ Իրինա Ռոդնինան: