22/03/2019 12:55
Աստանայում շարունակում են ձերբակալել մարդկանց, ովքեր մայրաքաղաքի վերանվանմանը համաձայն չեն
Ղազախստանի մայրաքաղաքում ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի տասնյակ մարդկանց, որոնք «Շափագաթ» առևտրական կենտրոնի մոտ էին հավաքվել, որպեսզի իրենց անհամաձայնությունը հայտնեն Աստանան Նուրսուլթան քաղաք վերանվանելուն: Այդ մասին «Интерфакс»-ին հայտնել է ականատեսներից մեկը:
«Առավոտյան մարդիկ սկսեցին հավաքվել «Շափագաթ» առևտրական կենտրոնի մոտ, անկարգություններ չկային: Նրանք խաղաղ կանգնել էին, շփվում էին: (…) Ոստիկանությունը բերման ենթարկեց մոտավորապես 60 մարդու», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես հաղորդվել է, նախօրեին Աստանայի քաղաքային վարչակազմի շենքի մոտ ձերբակալվել էր մոտ 20 մարդ, որոնք եկել էին իրենց անհամաձայնությունը հայտնելու մայրաքաղաքի վերանվանմանը: