22/03/2019 11:42
Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման կհանձնվի
Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվում է Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին նախագիծը։
«Երևանի փոքր կենտրոնը տրանսպորտային միջոցների կայանումից ազատելու ու ստացիոնար ավտոկայնատեղի ապահովելու նպատակով Ազատության հրապարակում կառուցվել ու 2010-ին շահագործման է հանձնվել ստորգետնյա ավտոկայանատեղի, որը նախատեսված է շուրջ 500 ավտոմեքենայի համար», - ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
Նա նշեց, որ ավտոկայանատեղին 3 հարկ ունի։
«Ավտոկայանատեղին գործում է թերբեռնված, հատկապես, ձմռան ամիսներին, տեսահսկման համակարգն ունի արդիականացման անհրաժեշտություն», - ասաց նա։
Փոխքաղաքապետի պոսքով՝ նախատեսվում է տեղադրել նոր ժամանակակից տեսախցիկներ, արդիականացնել լուսավորության համակարգը։
Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց՝ ունե՞ն աչքի տակ կազմակերպություններ, որոնք կարող են հայտարարված մրցույթում հաղթել։
«Մենք նշել ենք երկու կարևոր նախապայման գործունեության վերաբերյալ՝ շուրջ 300 միլիոն դրամի միջին հաշվարկային շրջանառություն, առնվազն երեք տարվա փորձ հավատարմագրային ոլորտում։ Կարծում եմ, որ նման ընկերություններ կան, կարող են դիմել նաև հայկական ու օտարերկրյա կազմակերպություներ, աչքի առաջ չունենք կազմակերպություն, բաց մրցույթ է ինելու, կարող են մասնակցել», - պատասխանեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։