25/03/2019 17:06
Իսպանական ընկերությունը ավելի քան 1.5 մլրդ դրամ չի վճարել «Հյուսիս-հարավի» շինարարական աշխատանք իրականացրած 17 կապալառու ընկերության
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերություններին գումար չվճարելու հարցին:
Նախարարը նշեց, որ Տրանշ-2-ի` Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքների համար իսպանական ընկերություններից մեկը շուրջ 17 տեղական կապալառու ընկերության 1.5 մլրդ դրամից ավելի գումար չի վճարել:
«Կապալառու իսպանական ընկերությունն ունեցել է հայկական ենթակապալառու ընկերություններ և նրանց հետ կնքել է պայմանագրեր, որպեսզի օգնեն իրենց այդ ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացնելու հարցում: Նրանք իրականացրել են որոշակի ծավալի աշխատանքներ, սակայն իսպանական ընկերությունը չի վճարել այդ աշխատանքների դիմաց», - նշեց նախարարը՝ նկատելով, որ այս պահին բանակցություններ են տարվում իսպանական ընկերության սնանկության կառավարչի հետ և ակնկալվում է, որ նա կայցելի Հայաստան:
«Այն ստացականները, որոնք ստացվել են իսպանական ընկերության վերահսկող ինժեներական ընկերության կողմից, որոնք տրվել են նախարարությանը և ապացուցվել է, որ այդ աշխատանքը կատարվել է, դրա դիմաց ընկերությունը վճարել է: Թե ինչ պատճառով նա չի վճարել ենթակապալառու ընկերություններին, մեզ հայտնի չէ: Այնուամենայնիվ, մենք բազմիցս կոչ ենք արել, որ գործընկերային հարաբերություններում վճարումն իրականացվի, և այդ ընկերությունները, որոնք օգնել են շինարարության մեջ, կարողանան իրենց աշխատակիցներին վճարել: Նաև ուզում եմ նշել, որ պետությունն իր պարտավորություններն ամբողջությամբ կատարել է», - ասաց նա: