25/03/2019 18:18
Մարզերի բնակչությունը կրճատվում է, իսկ Լոռու մարզը ամուսնալուծությունների թվով ռեկորդակիր է
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականին Հայաստանում ծնվել է 36 502 երեխա, որից 19 207-ը տղաներ են, 17 295-ը՝ աղջիկներ: 2017-ին Հայաստանում ծնվել է 37 700 երեխա՝ 19 731 տղա, 17 969 աղջիկ, իսկ 2016-ին՝ 40 592 երեխա, որից 21 445-ը տղա և 19 147-ը՝ աղջիկներ:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ամբողջ աշխարհում միտում կա՝ քաղաքային բնակավայրերում ծնելիությունն ավելի ցածր է, քան գյուղական բնակավայրերում, սակայն Հայաստանում հակառակն է: «Հայաստանում այդ տենդենցը եղել է մինչև 2012 թվականը, դրանից հետո մեր գյուղաբնակ համայքններում ծնելիությունն անկում է ապրել, այսինքն՝ մեր գյուղերում երեխա չեն ունենում», - ասաց Հարությունյանը:
Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ քննարկում օրերս տեղի էր ունեցել կառավարությունում, որին ներկա է եղել նաև վարչապետը: Ծովինար Հարությունյանը տեղեկացրեց, որ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել, հասկանալ իրավիճակը:
«Մենք կարող ենք ենթադրություններ անել, որ երիտասարդները գալիս են քաղաքներ, արտագաղթում են կամ մարդիկ հրաժարվում են երեխա ունենալ, քանի որ ասենք մանկապարտեզներ չկան, իսկ եթե կան էլ, ապա վճարովի են», - նշեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչը:
Այն, որ Հայաստանի գյուղական բնակավայրերից բնակչության արտահոսք կա, փաստում են նաև վիճակագրական տվյալները. 2018-ին Լոռու մարզի գյուղական բնակավայրերից բնակչությունը կրճատվել է 11 տոկոսով, Տավուշից՝ 5, Վայոց Ձորից՝ 6 տոկոսով:
Ծովինար Հարությունյանի ներկայացմամբ, Լոռու մարզը ռեկորդակիր է ամուսնալուծությունների թվով. այստեղ յուրաքանչյուր 2 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն: ԱՎԾ տվյալների համաձայն, 2018 թվականին Լոռու մարզում գրանցվել է 439 ամուսնալուծության դեպք, Երևանում՝ 288, Շիրակի մարզում՝ 264, Կոտայքի մարզում՝ 245:
Բացի այդ, ըստ Հարությունյանի, ամուսնացող անձանց միջին տարիքն է բարձրանում. այսինքն՝ եթե մինչ այժմ մարդիկ ամուսնացել են միջինը 22 տարեկանում, ապա այժմ կանանց մոտ այդ տարիքը 27-ն է, տղամարդիկ 30 տարեկանում ընտանիք կազմելու մասին որոշում են կայացնում:
«Հետևաբար, առաջին անգամ մայրանալու միջին տարիքն է բարձրանում, ինչի հետևանքով շատ երեխա ունենալու հնարավորությունը նվազում է», - նկատեց նա: