25/03/2019 11:51
Մյուլերը 2016-ի ընտրությունների ժամանակ Թրամփի և Ռուսաստանի միջև դավադրություն չի հայտնաբերել
Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև դավադրություն կամ համակարգված ուղղորդում չի հայտնաբերել, հայտնել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը:
Մյուլերի հետաքննությունից հետևում է, որ Թրամփի գրասենյակը որևէ կապ չի ունեցել Դեմոկրատական կուսակցության անդամների համակարգիչները կոտրելու հետ:
Հատուկ դատախազը դրա պատասխանատվությունը դրել է «ռուսական իշխանությունների վերահսկողության ներքո գտնվող ցանցահենների վրա»:
Ընդ որում Մյուլերը երկու միջոց է առանձնացրել, որով Ռուսաստանը փորձել է միջամտել ընտրություններին:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում դեռ չեն ծանոթացել Մյուլերի հետաքննության մանրամասներին:
«Ռուսական միջամտության» հետաքննությունը տևել է ավելի քան 2 տարի:
Մյուլերը հավելել է, որ «ռուսական գործի» մասին իր զեկույցը չի ենթադրում, որ Թրամփը հանցագործություն է կատարել, սակայն և չի հերքում դա: Մասնավորապես, հատուկ դատախազը դժվարացել է պատասխանել՝ փորձել է արդյոք Ամերիկայի առաջնորդը խոչընդոտել արդարադատությանը:
Արդարադատության նախարարը որոշում կկայացնի Մյուլերի նոր զեկույցը հրապարակելու վերաբերյալ, երբ համոզվի, որ դա չի հակասում օրենքին: