25/03/2019 14:52
Կառավարելի գնաճը չի գերազանցի 4 տոկոսը. նախարար
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը պնդում է, որ օրենքով սահմանված շրջանակում կարող է լինել կառավարելի գնաճ, որը չի գերազանցի 4 տոկոսը:
Միևնույն ժամանակ, լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ անկախ նրանից՝ գնաճը կլինի 1-2 , թե 4 տոկոս քաղաքացիներն այն զգալու են:
«Բայց միևնույն ժամանակ այդ բարձրացող գները եկամուտներն են ապահովում ձեռնարկությունների համար, աշխատավայրերում տեղի է ունենում աշխատավարձերի որոշակի բարձացում, դա էլ տնտեսական աճի անհրաժեշտ նախապայմաններից մեկն է, առանց չափավոր գնաճի տնտեսական աճ չի լինում», - ասաց նա։
Անդրադառնալով գնաճի պատճառներին՝ Խաչատրյանը նշեց, որ գնաճ առաջանում է այն պատճառով, երբ տնտեսության մեջ առկա են սահմանափակ ռեսուրսներ ու դրանց համար տնտեսվարող սուբյեկտների պայքարը ստիպում է, որ նույն ռեսուրսի համար մեկը պատրաստ լինի վճարել ավելին, քան վճարում էր երեկ. «Այսինքն՝ սահամանափակ ռեսուրսի նկատմամբ պահանջարկն առաջացնում է գնաճ», - ասաց նա։
Նախարարը նշեց, որ ԿԲ-ն ու կառավարությունը մշտապես կառավարելի են պահում գնաճը: Խոսելով շուկայում նկատվող թանկացումներից՝ Խաչատրյանը չհամաձայնեց պնդման հետ, թե դա մենաշնորհի պատճառ է՝ նշելով, որ թանկացումը սեզոնային բնույթ է կրում և զուգահեռ դրա վրա ազդում են նաև միջազգային շուկայի գները: