26/03/2019 09:58
«Ժողովուրդ». Դատավորներից շատերը չունեն անգամ աշխատանքային տարրական պայմաններ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ դատական համակարգում ամոթալի իրավիճակ է ստեղծվել. անգամ գրենական պիտույք չկա, որ դատավորները աշխատեն: Թեև դատական դեպարտամենտից հերքել էին այս լուրերը, բայց դատավորների աշխատանքային վատ պայմանների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին նոր փաստեր են հայտնի դարձել: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատավորներից Աննա Արզումանյանին վերջերս Չարենցավանի նստավայրից տեղափոխել են Աբովյան քաղաքի նստավայր: Աբովյանում, սակայն, Արզումանյանը հայտնվել է խնդրի առաջ. այստեղ պարզապես չկան իր աշխատասենյակի համար անհրաժեշտ իրեր՝ համակարգիչ, տպիչ, սեղան:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել անձամբ դատավոր Արզումանյանից, սակայն վերջինս չցանկացավ պատասխանել մեր հարցերին՝ ասելով, թե վստահ չէ, որ խոսում է լրագրողի հետ: Մինչ այդ նկատենք, որ իշխանությունները խոսում են անկախ դատական համակարգի կայացման մասին:
Վերջերս ՀՀ էին այցելել Հայաստանի մոնիթորինգի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Յուլյա Լավոչկինան և Անդրեյ Շիրցելը: Եվ իրենց տարածած հայտարարության մեջ նրանք նշել են. «Մենք ողջունում ենք պատրաստվող խոշոր բարեփոխումները, որոնք վերաբերում են դատական իշխանության անկախությանը, նոր քրեական քաղաքականության ընդունմանը և հատուկ կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարի համար նախատեսված ինստիտուտների ստեղծմանը, և նույնքան ողջունում ենք այդ ուղղությամբ քաղաքականությունը զարգացնելու հայտարարված մտադրությունը»: Բայց, փաստորեն, դատավորներից շատերը չունեն անգամ աշխատանքային տարրական պայմաններ»: