26/03/2019 14:24
Մեծ սիրով կընդառաջեի ԱԺ մաքրուհիներին, բայց միջոցներս թույլ չեն տալիս. «Քլիներս» ՍՊԸ-ի տնօրեն
ԱԺ մաքրուհիների հետ երեկ նախատեսված հանդիպումը չի կայացել. որոշվել է նրանց հետ հանդիպել վաղը։ Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Քլիներս» ՍՊԸ ղեկավար Գարուշ Պապիկյանն՝ անդրադառնալով վերջիններիս այն հայտարարությանը, որ աշխատավարձի կրճատման պատճառով իրենցից շատերը մտադիր են ապրիլի 1-ից աշխատանքի չներկայանալ։
«Քլիներս» ՍՊԸ-ի տնօրենը հավաստիացրեց, որ իր ղեկավարած ընկերությունում շատ են մաքրուհիները, որոնք պատրաստ են 2 ժամվա աշխատանքի դիմաց 40 հազար դրամ աշխատավարձով աշխատել Ազգային ժողովում։
Հարցին՝ քանի՞սն են նման պատրաստակամություն հայտնածները, և ԱԺ բոլոր 60 բողոքող մաքրուհիների հրաժարման դեպքում իրենց մասնագետները կբավականեցնե՞ն, Գարուշ Պապիկյանը դրական պատասխան տվեց։
Նա միաժամանակ ընդգծեց, որ այս պահի դրությամբ աշխատանքից ազատվելու գրավոր դիմում որևէ մեկից չի ստացել։ Երբ ստանա, այդ ժամանակ էլ կորոշվի՝ քանի մաքրուհի է ազատված աշխատակիցների փոխարեն գործուղվելու ԱԺ։
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ վաղը կայանալիք հանդիպման ժամանակ ընդառաջ գնա աշխատավարձի կրճատումից բողոքող մաքրուհիների խնդրանքին և պահպանի նրանց նախկին աշխատավարձը՝ 65-67 հազար դրամ, «Քլիներս» ՍՊԸ-ի տնօրենը նման հնարավորությունը գործնականում բացառեց՝ նշելով, որ միջոցները թույլ չեն տալիս, այլապես մեծ սիրով կընդառաջեր ԱԺ մաքրուհիներին։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից Ազգային ժողովում մաքրուհիները շարունակում են բողոքել աշխատավարձի իջեցումից:
«Մեզ նախապես չեն ասել, որ աշխատավարձը իջեցնելու են: Ուրբաթ օրն են ասել, որ 40 հազար պիտի ստանանք», - ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ զրույցում ասել է մաքրուհիներից մեկը:
Մաքրուհիները պնդում են, որ իրենք չեն ցանկանում երկու ժամից ավելի աշխատել` պահանջելով պահպանել իրենց նախկին աշխատավարձը: