26/03/2019 17:36
Մեռելները միմյանց հետ հաշիվ են մաքրում. Արման Բաբաջանյանը՝ Շիրխանյանի նամակի ու դրա արձագանքների մասին (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով անկարևոր հարցերը այժմ դարձել են օրակարգային ու շեղում կենսական հարցերից։
«Վերջին շուրջ մեկ շաբաթվա մամուլը, սոցիալական ցանցերը ողողված են նախկին մի պաշտոնյայի՝ մեկ այլ նախկին պաշտոնյային ուղղված մի նամակի առանձին դրվագների վերլուծությամբ, գնահատակնենրով, վարկածներով։ Որևէ մեկը չի ժխտում, որ անցյալում տեղի ունեցած ապօրինությունները, հանցագործությունները մեր պետության ընդերքում ռումբեր դրած համակարգային կեղծարարությունները պետք է բացահայտվեն և մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Դա է պահանջում իրավական պետության տրամաբանությունը», - այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշեց Բաբաջանյանը։
Այդուհանդերձ, ընդդիմադիր պատգամավորը շարունակեց. «Մյուս կողմից այս իրադարձությունները բերելով թեժ քննարկումների առաջնագիծ, մխրճվում ենք անցյալի մեջ, այնտեղից ներկա ենք բերում հերոս-հակահերոսներին՝ ներքին թշնամիների բանակը համալրելով նոր հներով կամ հին նորերով։ Այս երևույթի բացասական հետևանքն այն է, որ մեր ամբողջ ներուժը, միտքը սևեռել ենք անցյալի վրա։ Անցյալը կամաց-կամաց խժռում է մեր ներկան ու ապագան, մեռելները միմյանց հետ հաշիվ են մաքրում՝ դրանից տուժում է Հայաստանում սերնդափոխության, նոր իշխող համակարգի և նոր ընդդիմության ձևավորման գործընթացը»։
Պատգամավորը հորդորեց երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է «հաստ կարմիր գիծ քաշել» ու քայլել առաջ։
«Սա պահանջում է տքնաջան աշխատանք։ Մինչև մենք մեր քաղաքացիներին չկարողանանք մեր քաղաքացիներին երաշխավորեն լուսավոր ու անցնցում հոկտեմբերի 28 և մարտի 2, մենք չենք կարող թոթափել հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի բեռը։ Մենք խնդիր ունենք ապահովել այնպիսի մթնոլորտ, որտեղ անցյալի հանցագործությունների բացահայտումը չի լինի ի հաշիվ ապագայի հետ մեր ծրագրերի», - նշեց պատգամավորը։